Պետությունը ձգձգում է 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների արտասահմանում վերականգնողական բուժման հարցի լուծումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին վիրավորներ Հայկ Սեխլիյանը եւ Դանիել Դավթյանը:
Հայկ Սեխլիյանի խոսքով, որը Թալիշում վիրավորվել էր ողնաշարի շրջանում, Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, եւ ինքը նրանց շնորհակալ է օգնության համար, սակայն այստեղ չկա այն սարքավորումը, որն անհրաժեշտ է իր վերականգնման համար: Ողնաշարի վնասվածքներով մարդկանց լավագույն վերականգնումն իրականացվում է Գերմանիայում եւ Իսրայելում: Հայկ Սեխլիյանն իր բժշկական փաստաթղթերն ուղարկել է Գերմանիա, Բադեն Բադեն, սակայն առայժմ վերականգնողական կուրս է անցնում Երեւանում, Համալսարանական առաջին հիվանդանոցում:
Դանիել Դավթյանը գլխի բեկորային վնասվածք է ստացել, որի հետեւանքով նրա ձախ կողմը մասնակի կաթվածահարված է: Նա բուժում է ստացել հոսպիտալում, հետո՝ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, իսկ հիմա՝ Միքայելյանի անվան ինստիտուտում, որտեղ եւ մնում է բուժման ընթացքում: Դանիելն առայժմ ապագայի ծրագրեր չի կառուցում՝ նա եւս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, եւ հայտնի չէ, թե դա որքան կտեւի: Իսկ Հայկը 2 որդի ունի, որոնց պետք է ոտքի կանգնեցնել, եւ հենց այս պատճառով է նա ցանկանում արագ սկսել քայլել՝ առանց օժանդակ հարմարանքների:
Զինծառայողները հայտնեցին, որ իրենց հաշմանդամության առաջին կարգ է տրվել, եւ իրենք 93 հազար դրամ թոշակ են ստանում: Ամբողջ բուժումը եւս պետությունն իր վրա է վերցրել, սակայն այս թոշակը ընտանիքը պահելու համար բավական չէ: Հայ Սեխլիյանը շնորհակալ է նաեւ իր հրամանատարությանը, քանի որ շարունակում է մնալ ԶՈւ-ի շարքերում, սակայն վիրավորներից շատերին զորացրել են, եւ նրանց միակ եկամուտը թոշակն է: Մինչդեռ, ինչպես կարծում է զինծառայողը, նույնիսկ հաշմանդամ լինելով, նրանք կարող են բանակում ծառայել, ինչ-որ պարտականություններ կատարել, եւ դրանով իսկ օգտակար լինել երկրին ու հասարակությանը: Նա կցականար, որ պետությունն այս մասին մտածեր:






