Հայաստանում առաջին անգամ բժշկի դիմած հիվանդների 50 տոկոսը, որոնց մոտ հետագայում քաղցկեղ է ախտորոշվում, քաղցկեղի երրորդ կամ չորրորդ փուլում գտնվող հիվանդներ են։ Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բիոչիպ» գիտաարտադրական ձեռնարկության ֆինանսական տնօրեն Դմիտրի Տաբունինը, որը Նիժեգորոդյան շրջանից Հայաստան է ժամանել բիզնես առաքելությամբ:
Նրա խոսքով դա լավ վիճակագրություն չէ։ «Մենք չենք սովորել ճիշտ ախտորոշել քաղցկեղը։ Քաղցկեղը լավ թե վատ բուժել աշխարհը սովորել է։ Համաշխարհային հասարակայնության հիմնական խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում վաղ փուլում ախտորոշել քաղցկեղը։ Մեր ընկերությունը այսօրվա դրությամբ գտել է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման միջոցը»,- նշել է Դմիտրի Տաբունինը։
Ձեռնարկության ուռուցքաբան Սվյատոսլավ Զենովեւը պարզաբանել է, որ այդ գործընթացը տեղի է ունենում հատուկ կենսաբանական չիպի օգնությամբ։ «Այստեղ մենք հավելում ենք ուռուցքի նյութերը, ու դրան ի պատասխան տեսնում ենք լուսարձակում»։ Բիոչիպը, բժշկի խոսքով, կփոխարինի մի ամբողջ լաբորատորիա, իսկ մեթոդաբանության ճշգրտությունը 93 տոկոս է։ Ուռուցքաբանի խոսքով, Հայաստանում իրավիճակը պահանջում է որոշակի միջոցառումներ ձեռնարկել։






