Զորակոչիկներն այսուհետ վեց պատվաստման փոխարեն ստանալու են ընդամենը հինգը։ Պատվաստումների ցուցակից դուրս է գալու դիֆտերիայի եւ փայտացման դեմ պատվաստումը։ Այս մասին ապրիլի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ պատմեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Նախկինում զորակոչիկները 6 պատվաստում էին ստանում։ Մենք այդ ցանկը վերանայել ենք եւ որոշակի չափով կրճատել։ Դիֆտերայի եւ փայտացման դեմ պատվաստումը այլեւս իմաստ չուներ, որովհետեւ 15-16 տարեկանում երեխաները արդեն ստանում են այդ պատվաստումը, եւ իմունիտետը պահպանվում է մոտ 10 տարի», - ասաց Գայանե Սահակյանը։
Այժմ զորակոչիկները ստանալու են հետեւյալ պատվաստումները.
1. Պնեւմոկոկային հիվանդությունների դեմ,
2. Մենինգոկոկային հիվանդությունների դեմ,
3. Հեպատիտ Ա-ի դեմ,
4. Տուլարեմիայի դեմ,
5. Կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ։
Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, 2018 թվականից հետո կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստումը նույնպես հանվելու է զորակոչիկների պարտադիր պատվաստումների ցուցակից, քանի որ 2018-ին զորակոչվող տղաները արդեն ստացած կլինեն այն ավելի վաղ տարիքում։






