Մեքսիկայից 17-ամյա ուսանող Ջուլիան Ռիոս Կանտուն կրծկալ է մշակել կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար: Այս սարքը ստեղծելուն երիտասարդին ոգեշնչել է մայրը, որը կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը:
Սարքը ստացել է EVA անունը, այն հագեցած է 200 սենսորներով, որոնք որոշում են ջերմությունը, նաեւ գնահատում կրծքի ձեւի եւ քաշի փոփոխությունները: Բոլոր տվյալները փոխանցվում են հատուկ ծրագրին, որը նախազգուշացնում է վտանգավոր ախտանիշների մասին:
Մշակումը թույլ է տալիս խուսափել կրծքի դասական սքանավորման բացասական հետեւանքներից, որոնք, ըստ վերջին հետազոտությունների, կարող են քաղցկեղային բջիջների տարածում առաջացնել մարմնի այլ մասերում:
Ջուլիան Ռիոսը կրծկալի մշակման վրա աշխատել է եւս 4 երիտասարդների հետ: Հեղինակների խոսքով՝ հավաստի տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է, որ կինն այս սարքը կրի շաբաթվա ընթացքում 60-ից մինչեւ 90 րոպե:
Ուսանողների մշակմանն արջակցել է Higia Technologies ընկերությունը, իսկ անցած հանգստյան օրերին Գերմանիայում անցկացված Global Student Entrepreneur Awards-ի (GSEA) լավագույն ձեռներեցների մրցանակաբաշխության ժամանակ մշակողներն իրենց նախագծի համար առաջին մրցանակ են ստացել: Այս մրցանակաբաշխության հաղթանակը 17-ամյա գյուտարարին խոշոր գումար է ապահովել, որը նա կարող է ծախսել իր նախագիծն ավարտելու համար:






