Կայծակնային թոքաբորբ կոչվող հիվանդության ծավալները Հայաստանի զինված ուժերում զգալիորեն նվազել են։ Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

«Ներկա պահին բանակում բավականաչափ հանգիստ իրավիճակ է», - ասաց Պողոսյանը, ավելացնելով, որ այժմ զինված ուժերում այս հիվանդության դեպքերն անհամեմատելի քիչ են, քան տարվա սկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին։

Փոխնախարարը նաեւ նշեց, որ Առողջապահության եւ Պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովն արդեն վերլուծել է այս օրերի իրավիճակը, հասկացել է խնդիրները եւ լուծման ճանապարհներ է առաջարկել։ 

«Կարծում եմ, որ այսուհետ այդ ծավալային առումով հիվանդության տարածում այլեւս թույլ չենք տա», - ավելացրեց Վահան Պողոսյանը։