Հայաստանում մոտ ապագայում նախատեսվում է հակառեզուսային իմունոգլոբուլինի արտադրություն սկսել, որը կհամապատասխանի GMP-ի ստանդարտներին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց նախագծի ղեկավար, «Մաունդ» ընկերությունից Միքայել Գինովյանը:

Հակառեզուսային իմունոգլոբուլինը դեղամիջոց է, որը ռեզուսաիմունացված մարդկանց արյունից վերցված սպիտակուցային խմբակցություն է: Այս դեղամիջոցն օգտագործվում է ապագայում ռեզուսային կոնֆլիկտի առաջացման հավանականության նվազեցման համար՝ այն դեպքերում, եթե բացասական ռեզուս ունեցող կինը հղի է դրական ռեզուս ունեցող երեխայով

Միքայել Գինովյանի խոսքով՝ Հայաստանում արդեն կա հակառեզուսային իմունոգլոբուլինի արտադրություն, սակայն այն կազմակերպված է շատ հին մեթոդների օգտագործմամբ, ուստի ստացած արտադրանքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Հին արտադրությունը առաջիկայում կդադարեցվի, իսկ Գինովյանն ու նրա գործընկերները կսկսեն նորը՝ ժամանակակից սարքավորումների եւ մեթոդների օգտագործմամբ:

Հակառեզուսային իմունոգլոբուլինը կարտադրեն դոնորների արյունից ստացված պլազմայից: Հայաստանի բնակիչների շրջանում արյան դոնորությունը դեռեւս այնքան էլ տարածված չէ, սակայն հակառեզուսային իմունոգլոբուլինի արտադրության համար շատ քիչ քանակով պլազմա է անհրաժեշտ՝ տարեկան ընդամենը մոտ 40-50 լիտր: Այս քանակը բավական է տարեկան 5000 միավոր դեղ ստանալու համար, ինչը, մասնագետի խոսքով, Հայաստանի համար առավել քան բավարար է:

Նշենք, որ այս նախագիծը մասնակցում է ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի դրամաշնորհային մրցանակաբաշխությանը, որը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմադրամը կազմակերպում է Եվրամիության համաֆինանսավորած «Հայաստանում ՓՄՁ զարգացման աջակցության» ծրագրի շրջանակում: Եզրափակիչ դուրս եկած 9 նախագծեր 30-50 հազար եվրոյի դրամաշնորհ կստանան:

Միքայել Գինովյանի խոսքով՝ եթե իրենց նախագիծը դրամաշնորհը շահի, ստացած միջոցները կուղղվեն բացակայող լաբորատոր սարքերի գնմանը, ինչը կօգնի արագացնել արտադրության մեկնարկը: Արտադրության համար շենք, ինչպես նաեւ առանցքային մասնագետներ արդեն կան:

Միքայել Գինովյանը նշեց, որ եթե նախագիծը հաջողություն ունենա, ապագայում հնարավոր կլինի արտադրությունն ընդլայնել: Մասնավորապես հնարավոր կլինի պլազմայի հիմքով նաեւ այլ դեղամիջոցներ արտադրել:

«Մենք ամեն ինչ կանենք, որ մեր արտադրանքը համապատասխանի եվրոպական բոլոր ստանդարտներին, եւ որ մենք այնպիսի որակյալ արտադրանք ստանանք, որը հնարավոր կլինի այլ երկրներ արտահանել»,- նշեց Գինովյանը: