Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկի դեղատոմսով բաց թողնվող դեղերն անվճար դարձնել, որոնք ներկայումս հասանելի են միայն արտոնություններ ունեցողների համար, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը:
Նախատեսվում է, որ ռուսաստանցիները կկարողանան դեղատոմսով եւ անվճար դեղորայք ստանալ այն ցուցակում ընդգրկվածներից, որը հիմա մշակվում է, պարբերականին ասել է Առողջապահության կազմակերպման եւ բժշկական մենեջմենթի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Դավիդ Մելիք-Հուսեյնովը: Պիլոտային ծրագիրը կարող է մեկնարկել 2018 թվականին, որի իրականացման համար կպահանջվի տարեկան մոտ 500 մլրդ ռուբլի:
Հիմա դեղեր ստանալու նման մեխանիզմը գործում է հաշմանդամների, պատերազմի վետերանների, մինչեւ 3 տարեկան երեխաների եւ այլոց համար: Ըստ որում՝ արտոնություններ ունեցողների համար հասանելի են տարեկան մեկ անգամ հաստատվող դեղերի ցուցակից սահմանափակ թվով դեղեր: 2017 թվականին, օրինակ, դրա մեջ են մտել ինսուլինը, բրոմգեկսինը, պիրացետամը, ֆենոբարբիտալը եւ այլն, հիշեցնում է պարբերականը:
Դեղատնային գիլդիայի ղեկավար Ելենա Նեւոլինան հավելել է, որ «Առողջապահության նախարարությունը հնարավոր է համարում, որ անվճար դեղեր կստանան ոչ բոլոր քաղաքացիները, այլ միայն առողջ կենսակերպ վարողները, որոնք դիսպանսեր հսկողության տակ են, պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց առողջությանը»:
Գերատեսչությունից հաստատել են, որ հարցը քննարկվում է, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններ կատարել:






