«Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակներում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետները փորձի փոխանակում են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում: Հյուրերի թվում եղել են մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ, դեղագետներ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
Երեւանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի բժիշկները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, տեղեկություններ ստացել հիվանդների բուժման ընթացքի վերաբերյալ: Երեւանցի բժիշկների հետ հյուրերը փոխանակել են մասնագիտական հմտություններ:
Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկ մասնագետները նաեւ կազմակերպել են հիվանդների ընդունելություններ եւ անվճար խորհրդատվություն տրամադրել:
Կարեւորելով երկու գործընկեր քաղաքների միջեւ համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ հայ եւ ռուս բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը եւ փորձի փոխանակումը:






