2017-ի մայիսի 6-ին, ԵՏՄ երկրների կողմից Միությունում դեղամիջոցների շրջանառության կանոնակարգման նորմատիվային բազայի վավերացումից հետո ուժի մեջ է մտնում ԵՏՀ-ի ու անդամ պետությունների համատեղ պատրաստած քսան փաստաթղթերից բաղկացած փաթեթը, այդ թվում ԵՏՀ Խորհուրդի քսանմեկ որոշումները, ԵՏՀ Կոլեգիայի չորս որոշումներն ո ւ մեկ ռեկոմենդացիան։
«ԵՏՄ հինգ պետությունների դեղամիջոցների շրջանառության ազգային շուկաները միավորվում են ու սկսում աշխատանքը միասնական տարածքի ձեւաչափով, հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը, -Միության երկրների արտադրողները կկարողանան միասնական ընթացակարգերով դեղամիջոցների գրանցման ու դրանց շրջանառության մեջ դնելու մասին դիմումներ ներկայացնել ու նվազեցնել վարչական քաշքշոցը»։
Սովորական սպառողի համար դեղագործական շուկայի փոփոխությունները նկատելի կդառնան ավելի ուշ․ դա պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցի գրանցման համար փաստաթղթերի ներկայացման պահից սկսած մինչեւ դրա շրջանառության մեջ դրվելը ու վաճառքի հանվելը յոթից տասը ամիս է անցնում։
Միասնական շուկայի վերազգային նորմերով կիրականացվի դեղամիջոցների մշակումը, մինչկլինիկական ու կլինիկական ուսումնասիրությունը, որակի վերահսկողությունը, գրանցումը, արտադրությունն ու առաքումը։ «Հանձնաժողովը՝ ԵՏՄ հինգ պետությունների լավագույն փորձագետների հետ համատեղ նախապատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ՝ դեղամիջոցների միասնական շուկայի արդյունավետ աշխատանքի համար՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, - շեշտել է Վալերի Կորեշկովը,-Դրանք ուղղված են դեղամիջոցների արտադրության ու Միության երկրների շուկաներ դրանց մուտքի վարչարարական խոչընդոտների վերացմանը։ Այդ փաստաթղթերը թույլ կտան ապահովել նաեւ դեղագործական շուկայի յուրատեսակ «սանացիա»՝ այնտեղից հեռացնելով դեղամիջոցները, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունը ամբողջովին ուսումնասիրված չեն, իսկ արտադրությունը չի համապատասխանում արտադրական պրակտիկայի չափանիշներին»։
Ազգային կարգավորման մակարդակի վրա են թողվել դեղամիջոցների մինչկլինիկական ու կլինիկական հետազոտությունների անցկացման համար թույլատվությունների տրամադրման վարչարարության հարցերը, դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների գնագոյացման, մեծածախ առեւտրի, դեղորայքի պետական գնումների ու դեղորայքի շրջանառության ոլորտում ծախսերի փոխհատուցման հետ կապված հարցերը, բժշկական գովազդի կանոնակարգումը։
Նախատեսված է անցումային ժամանակաշրջան, որը ապահովում է սահուն անցում ազգայինից դեպի միասնական կարգավորում։ Դա թույլ կտա կանխել խափանումները ԵՏՄ երկրների առողջապահության համակարգում ու կօգնի դեղամիջոցներ արտադրողներին առավելագույնս հեշտ ադապտացվել նոր պահանջներին։ Մասնավորապես մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը արտադրողը իրավունք ունի ընտրել, թե որ կանոններով է (ազգային, թե միասնական) իրականացնելու դեղամիջոցների գրանցումը։ Բոլոր դեղամիջոցները, որոնք մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը գրանցված են եղել ազգային կանոններով, պետք է վերագրանցվեն մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը՝ միասնական շուկայի կանոններով։ Մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը դեղամիջոցների գրանցման համար դոսյեն ներկայացնելիս արտադրողը իրավունք ունի ԵՏՄ GMP սերտիֆիկատի փոխարեն ազգային փաստաթղթեր ներկայացնել, որոնք Միության անդամ պետությունների կողմից են տրամադրված ու հաստատում են, որ դրա արտադրությունը համապատասխանում է GMP–ի ազգային կանոնների պահանջներին։






