Եվրոպայում շարունակվում է կարմրուկի բռնկումը, որը սկսվել է անցած տարի Ռումինիայում։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման հարցերով եվրոպական կենտրոնը հրապարակել է հաշվետվություն՝ տհաճ տվյալներով։

Հիվանդացության ցուցանիշով նախկին պես առաջատար է Ռումինիան։ 2016-ի հունվարի 1-ից այնտեղ 4881 մարդ է հիվանդացել։ 23-ն արդեն մահացել են, կարմրուկից մահացության վերջին դեպքը ապրիլի 25-ին է գրանցվել։

Իտալիայում 2017-ի հունվարից մինչեւ ապրիլի 21-ը գրանցվել է կարմրուկի 1739 հաստատված դեպք։ Հիմնականում հիվանդանում են երեխաներն ու դեռահասները, հիվանդների 88 տոկոսը երբեք պատվաստված չի եղել։ Հիվանդներից 159-ը բուժաշխատողներ են։ Գրեթե քառասուն տոկոսին ստիպված են եղել հոսպիտալիզացնել, 33 տոկոսն ունեցել է առնվազն մեկ բարդացում։

Ցանկում են նաեւ Գերմանիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան։ Մի շարք դեպքերում ՝ վիրուսի ուղին կարծես դեպի Ռումինիա է տանում, որտեղ համաճարակ է սկսվել։ Գրեթե բոլոր հիվանդացածները պատվաստված չեն եղել։

Ռուսաստանում, ինֆեկցիոնիստ մանկաբույժների ասոցիացիայի տվյալներով, 2017-ի առաջին եռամսյակում կարմրուկով հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2․9 անգամ ավելացել է ։ Գրանցվել է հիվանդացության 43 դեպք, որոնցից 19-ը՝ 18 տարեկանից փոքրերի մոտ։ Կարմրուկի դեպքեր են գրանցվել նաեւ Դաղստանում(18) , Մոսկովյան շրջանում(6), քաղաք Մոսկվայում(3), Ռոստովի շրջանում (3), Հյուսիսային Օսիա հանրապետությունում ու Սվերդլովսկի շրջանում (2-ական դեպք), Ինգուշեթիա, Բաշկորտոստան, Կաբարդինա-Բալկարյան, Չեչենական հանրապետություններում, Ստավրոպոլի երկրամասում, Խանտի- Մանսիյսկի ինքնավար մարզում, ՆԻժնեգորոդյան, Աստրախանի, Չելյաբինսկի շրջաններում(մեկական դեպք):