Ամերիկացի ու չինացի բժիշկները հայտնել են, որ իրենց հաջողվել է ՄԻԱՎ-ը հեռացնել կենդանի օրգանիզմի ԴՆԹ-ից՝ գենոմի խմբագրման CRISPR/Cas9 տեխնոլոգիայի օգնությամբ։ Իրենց աշխատանքի արդյունքների մասին նրանք պատմել են Molecular Therapy ամսագրում։
2016-ին իրականացված հետազոտությամբ գիտնականները ցույց էին տվել, որ օրգանիզմի հյուսվածքների մեծ մասում հնարավոր է ԴՆԹ-ից հեռացնել վիրուսի որոշ հատվածներ (փորձն իրականացվել է տրանսգենային առնետների ու մկների վրա)։
Իրենց նոր աշխատանքի արդյունքներով գիտնականներին հաջողվել է ճնշել ՄԻԱՎ-1-ը տրանսգենային մկների օրգանիզմում՝ 60-95 տոկոսով նվազեցնելով վիրուսի ՌՆԹ-ի ռեպլիկացիան։ Փորձի ենթարկված կենդանինեը մկներ էին՝ մարդու ներարկված իմունային բջիջներով, այդ թվում վիրուսով վարակված Т- բջիջներով։ Գենոմի խմբագրման մեկ վիրահատությունից հետո հաջողվել է վիրուսը հանել մկների հյուսվածքների բոլոր մարդկային բջիջներից։
Բուժման արդյունավետությունը գիտնականները գնահատել են վիրուսային ՌՆԹ-ի մակարդակով ու վիրուսը «լուսավորելու» իրենց մշակած մեթոդով։ «Բժիշկ Յանգի ստեղծած արտացոլման համակարգը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում դիտարկել, թե երբ ու որտեղ է տեղի ունենում վիրուսի ռեպլիկացիան, տեսնել, թե ինչ հյուսվածքներում ու բջիջներում է այն քողարկված ձեւով գտնվում»,- պատմել է աշխատության հեղինակներից մեկը, նեյրոկենսաբան Քեմել Հալմլին։
Հետագայում գիտնականները հույս ունեն իրենց հետազոտությունը կրկնել պրիմատների վրա, իսկ հաջորդ նպատակը կլինի կլինիկական փորձարկումներ իրականացնելը։






