Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) նեոնատոլոգները զննել են Երեւանում ծնված հնգյակ երեխաներից մեկին, որը բուժում եւ խնամք է ստանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ անցյալ շաբաթվա վերջին ռուս բժիշկները հայ գործընկերների հետ քննարկել են երեխայի բուժման հետագա մարտավարությունը եւ համոզվել, որ նրա ողջ մնալու համար հնարավոր ամեն ինչ արվում է:

«Մեր պետերբուրգյան գործընկերները հաստատել են, որ երեխայի համար այստեղ հնարավոր ամեն ինչ արվում է»,- նշեց ԲԿ-ի տնօրենը:

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Սանկտ Պետերբուրգի նեոնատոլոգները այցելել են նաեւ մյուս կլինիկաներ եւ զննել հնգյակի մյուս երեխաներին:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Երեխաները չափազանց անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի աղջիկներից մեկը, որը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում:

Այսօրվա դրությամբ տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր է: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կելենտերյանը, մասնագետները հիմա պայքարում են տղայի կյանքի համար՝ նրա վիճակը կրիտիկական է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մեկ այլ աղջիկ, որը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական շնչառությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես առայժմ դրական դինամիկա չկա: