Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակի համար շարունակում են հնարավոր ամեն ինչ անել: Ողջ մնացած երեք երեխաները նույնպիսի խնամք են ստանում, ինչպիսին կստանային ցանկացած զարգացած երկրում՝ նորագույն սարքավորումների օգտագործմամբ: Նրանց բուժմամբ զբաղված են Հայաստանի լավագույն բժիշկները, եւ արտասահմանյան մասնագետների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը եւ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը:
Հենց այս մասնագետներն են եղել 23-ամյա Լուսինե Պողոսյանի կողքին՝ 8-շաբաթական հղիությունից սկսած՝ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ նա հնգյակով է հղի:
Մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը նշեց, որ իրենք Լուսինեին եւ նրա ամուսնուն՝ Վարդանին, զգուշացրել են բոլոր վտանգների մասին՝ կապված բազմապտուղ հղիության հետ. նման երեխաները մշտապես ժամկետից վաղ են ծնվում՝ նույնիսկ ավելի բարենպաստ հանգամանքների դեպքում նրանք պետք է չափազանց անհաս ծնվեին, եւ ողջ մնալու նրանց հավանականությունը այնքան էլ մեծ չէր լինի: Անհասության հետեւանքով նաեւ մի շարք խնդիրների առաջացման վտանգ կար:
Երկու կամ երեք երեխաների ողջ մնալու հավանականությունը մեծացնելու համար մասնագետները զույգին առաջարկել են միջամտություն կատարել, որը ռեդուկցիա է կոչվում. այս միջամտության ընթացքում կատարվում է մեկ կամ մի քանի պտղի հեռացում: Տվյալ դեպքում մասնագետները զույգին խորհուրդ են տվել թողնել երկու կամ առավելագույնը երեք երեխաներին: Զույգը, սակայն, միջամտությունից հրաժարվել է:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Վարդան Կարապետյանն իր մերժումը փաստարկելիս նշեց, որ իրենց ետ պահեցին այն վտանգները, որոնք կապված են ռեդուկցիայի հետ (մասնավորապես՝ վիժման հետեւանքով բոլոր երեխաներին կորցնելու վտանգ կար), նաեւ այն փաստը, որ նման աբորտը ինքը եւ կինը մեղք են համարում:
«Ռեդուկցիան խլում է մարդու կյանքը: Սա Աստծո դեմ մեղք է, սա մարդասպանություն է: Եթե ես համաձայնվեի, դա ինձ մարդասպանության հանցակից կդարձներ»,- ասաց Վարդանը:
Երբ զույգը ռեդուկցիայից հրաժարվել է, մասնագետները սկսել են հղիությունը վարել ըստ ուղեցույցների, որոնք ընդունված են բոլոր զարգացած երկրներում: Հղիության գրեթե 24 շաբաթում Լուսինեին հոսպիտալացրել են, որ հնարավորության սահմաններում հղիությունը երկարացնեն եւ կանխեն վաղաժամ ծնունդը: Սակայն 28-րդ շաբաթում սկսվել են երկունքի ցավերը, որն այլեւս անհնար էր կանգնեցնել. եւ չնայած երեխաները դեռեւս շատ անհաս էին, ստիպված էին արտահերթ կեսարյան հատում կատարել:
Նշենք, որ ավելի վաղ երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, ասել է, որ եթե իր կնոջ կողքին արտասահմանյան մասնագետներ լինեին, հնարավոր է, նրանք կկարողանային օգնել հղիությունը եւս մի երկու շաբաթ երկարացնել: Սակայն, ինչպես պարզաբանեցին մասնագետները, համաշխարհային պրակտիկայում դեռեւս երբեք չի հաջողվել հնգյակի հղիությունը 28 շաբաթից ավելի երկարացնել:
Երեխաները հատուկ դեղ են ստացել թոքերի հասունացման համար, նրանց նեյրոպրոտեկցիա է կատարվել ուղեղի արյան զեղումը կանխելու համար: Մասնագետների խոսքով՝ նրանց համար ամեն ինչ, որ հնարավոր էր անել, արվել է, եւ որը կանեին նաեւ զարգացած երկրներում: Հնգյակի ծնվելու գիշերը նրանց կողքին են եղել երկրի լավագույն մասնագետները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգը եւ գլխավոր մանկական ռեանիմատոլոգը:
«Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը նշեց, որ միապտուղ ու բազմապտուղ հղիությունների միջեւ մեծ տարբերություն կա. եթե 28 շաբաթում մեկ երեխա է ծնվում, նա սովորաբար կշռում է մոտ 1200 գրամ: Նման երեխաների գրեթե 90 տոկոսը ողջ է մնում: Սակայն բազմապտուղ հղիության դեպքում տեղի է ունենում աճի սելեկտիվ դանդաղում՝ երեխաները դանդաղ են զարգանում, եւ նույն 28 շաբաթվա ժամկետում նրանց զարգացումը համապատասխանում է մոտ 24-26 շաբաթվան: Այդ պատճառով բազմապտուղ երեխաները ծնվում են խորը անհաս, եւ ողջ մնալու նրանց հավանականությունը զզգալիորեն ցածր է, քան միապտուղ հղիության դեպքում:
Այս դեպքում հնգյակը ծնվել է մոտ 600-880 գրամ քաշով: Բժիշկ Պողոսյանը նշեց, որ նրանց օրգանները անատոմիապես ձեւավորվել էին, սակայն ֆունկցիոնալ ոռումով մինչեւ վերջ չէին ձեւավորվել: Հատկապես սրանով են պայմանավորված բոլոր վտանգները, որոնց կարող են բախվել ծայրահեղ փոքր քաշով ծնված երեխաները:
Երեխաների հայրն, իր հերթին, նշեց, որ եթե իմանար, թե ինչ դժվարությունների է բախվելու, ինքը կնոջը Գերմանիա կտաներ կամ որեւէ այլ երկիր:
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ եթե երեխաներն 9 ամսականում ծնվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ես, այսպես թե այնպես, հասկանում էի, որ նրանք փոքր քաշ կունենան, եւ որ նրանք ահաս կլինեն: Բայց եթե ես իմանայի, որ մեզ նման դժվարություններ են սպասելու, ես կնոջս արտասահման կտանեի, օրինակ՝ Գերմանիա: Ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեի, միայն թե իմ երեխաներն ապրեին»,- ասաց Վարդանը:
Վարդանն այսօր այցելել է բոլոր բժշկական կենտրոններ, որտեղ ողջ մնացած երեխաները բուժում եւ խնամք են ստանում: Նրա խոսքով՝ հիմա ինքը հասկանում է, որ իր երեխաներով Հայաստանի լավագույն մասնագետերն են զբաղվում: Սակայն, նրա կարծիքով, այս մասնագետներն արդեն արել են այն ամենը, ինչ կարող էին: Մնացածն արդեն ոչ մեկից կախված չէ՝ հնարավոր է միայն սպասել եւ լավագույնի հույս ունենալ:
«Ես տեղացի մասնագետներին շնորհակալ եմ, բայց կարծում եմ, որ այն ամենը, ինչ նրանք կարող էին անել, արդեն արել են: Հնարավոր է, որ ուրիշ երկրներում մասնագետներ կան, որոնք կարող են օգնել: Չնայած դա ոչ ոք չի կարող իմանալ: Իմ հույսը հիմա Աստվածն է՝ այս հարցում մարդիկ հազիվ թե կարողանան օգնել»,- ասաց Վարդանը:






