Նախօրեին «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ընդունված 59-ամյա Սուրեն Սիմոնյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Կենտրոնի անեստեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի համակարգող Գագիկ Ներսիսյանը:
Կենտրոնի ընդունարանում հայտնեցին, որ նրա կինը՝ 53-ամյա Անուշ Ասլանյանը, թեթեւ այրվածքներ է ստացել եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուն է ուղարկվել:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ եւ պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 53-ամյա Ա. Ա.-ն եւ 59-ամյա Ս. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:











