Գազի բալոնի պայթյունից եւ հրդեհից հետո հոսպիտալացված 59-ամյա Սուրեն Սիմոնյանը մարմնի 25 տոկոսի այրվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի, դեմքի եւ վերջույթների: Այրվածքներ կան նաեւ շնչուղիներում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի անզգայացման եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանը:
Նա հայտնեց, որ տղամարդուն Կենտրոն են բերել նախօրեին՝ ժամը 23.20-ին, նրա վիճակը շոկային էր: Առավոտյան նա շոկից մասամբ դուրս եկավ, այժմ նրա վիճակը կայուն ծանր է: Տղամարդու մոտ հիմա տոքսեմիա է սկսվել (արտաքին տոքսիններով թունավորում), նա համապատասխան բուժում է ստանում, միայն մի քանի օրից է հնարավոր կանխատեսումներ կատարել:
Սուրեն Սիմոնյանի հարազատները NEWS.am Medicine-ին պատմեցին, որ գազի բալոնի պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա շան կերն էր տաքացնում: Կինը՝ Անուշ Ասլանյանը, այդ պահին նույնպես խոհանոցում էր, սակայն նա գազի բալոնին մեջքով էր կանգնած, ինչի հետեւանքով մեջքին է այրվածքներ ստացել: Նրա վնասվածքները թեթեւ են, վիրակապելուց հետո նրան տուն են ուղարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ եւ պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է երկու բազկաթոռ՝ մասնակի: Պայթյունի հետեւանքով փլուզվել է խոհանոցի արտաքին պատը (12 քմ) եւ կախովի առաստաղից՝ 9 քմ հատված:
53-ամյա Ա. Ա.-ն եւ 59-ամյա Ս. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:






