Ավազը բնական նյութ է, որը զարգացնում է մանր մոտորիկան եւ ակտիվացնում գլխուղեղի աշխատանքը։ Այն ունի ռելաքսացիոն հզոր ֆունկցիա։ Երեխան, ավազի հետ խաղալով, կարողանում է մոդելավորել այն, ինչ իր համար կարեւոր է։ Հենց այս ամենից ելնելով էլ հոգեբան Կարինե Հարությունյանը բացել է Երեւանում «Ավազե ամրոց» զարգացման  եւ ավազով նկարչության կենտրոնը, որը նախատեսված է ինչպես նորմալ, այնպես էլ հատուկ կարիքներ ունեցող երեխաների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ առհասարակ մեծահասակների համար։

Ինչպես նա ներկայացրեց NEWS.am Medicine-ին, կենտրոնում աշխատում են հոգեբաններ եւ նկարիչներ, հիմնականում իրականացվում է զարգացնող աշխատանք ամեն տարիքին համապատասխան։

«Զարգացնում ենք մանր մոտորիկան, հիշողությունը մտածողությունը, բոլոր հոգեկան բարձրագույն ֆունկցիաները։  Շեշտը դրվում է նաեւ երեխաների հուզական ոլորտի վրա», - ասաց նա, հավելելով, որ կենտրոնը ընդունելություն է իրականացնում 1,5 տարեկանից սկսած։ Կենտրոնում առաջին այցելությունն ու խորհրդատվություն անվճար է։

Ավազանկարչությունը առաջացել է մոտ 20 տարի առաջ Արեւմուտքում, հետո տարածվել տարբեր երկրներում։

Խոսելով այն բանի մասին, թե որ խնդիրների լուծման համար է արդյունավետ ավազաթերապիան, Կարինե Հարությունյանը նշեց, որ այն շատ օգտակար է վախերի դեպքում, շփման խնդիրներ ունեցող երեխաների համար, ագրեսիվ վարք դրսեւորող, ինչպես նաեւ աուտիզմով հիվանդ երեխաների համար։ «Մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ ենք աշխատում։ Շատ լայն սպեկտր է», - ասաց նա։

Ինչպես պատմեց կենտրոնի աշխատակից, հոգեբան Լուսինե Աղաբեկյանը, կենտրոնն ունի զարգացնող ծրագրեր նաեւ մեծահասակների համար՝ խմբավարների համար հատուկ ծրագիր, սեմինարներ ծնողների համար, առանձին թեմաների մեկանգամյա քննարկումներ։ «Կենտրոնը կանցկացնի նաեւ կորպորատիվ թրեյնինգներ կոլեկտիվի ինչ-որ հմտությունների զարգացման համար», - ասաց նա։