Եթե պետգնումների շրջանակում դեղերի գների կարգավորումը, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, չբերի նրան, որ մեծածախ ընկերությունները եւ դեղատնային ցանցերը սկսեն շահույթի ավելի ցածր մակարդակներով աշխատել, մենք կդիմենք օրենքի մեջ փոփոխություն կատարելուն, որպեսզի կարգավորենք բացարձակապես բոլոր դեղերի գները: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում այսօր գնագոյացման վրա մի քանի գործոններ են ազդում: Առաջինը արտադրողի եւ հոլդերների գներն են. հոլդերը կազմակերպություն է, որը դեղերը գնում է եւ երկրներին փոխանցում:  Այս գների նույնիսկ աննշան փոփոխությունները Հայաստանի շուկայում վերջնական գների վրա ազդում են, քանի որ մենք շատ փոքր շուկա ունենք, եւ այստեղ չեն գործում այն բախարգելները, որոնք կան խոշոր շուկաներում: Այստեղ կարեւոր է նաեւ ԱԱՀ-ի գործոնը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, սակայն վերջնարդյունքում հանգեցնում է դեղերի մոտ 29-30 տոկոսով  թանկացմանը:

Ընդ որում Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ հոլդերները Հայաստանին դեղերն ավելի բարձր գնով չեն վաճառում, քան տարածաշրջանի երկրներին, ինչպես պնդում են մեր ներմուծողները: Նա նշեց, որ նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են Հայաստանում գործող հոլդերների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հարցին՝ նրանք Հայաստանին դեղերն ա՞յլ գներով են վաճառում, բոլորը պատասխանել են, որ նման բան չկա: «Յուրաքանչյուր բրենդ աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում սեփական գնային քաղաքականություն ունի: Այսինքն՝ հոլդերից դիստրիբյուտորին փոխանցվող գինն այս երկրներում նույնն է»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ ոչ պակաս կարեւոր գործոն է այն, որ եթե պետությունը չի կարգավորում մեծածախ ընկերությունների հնարավոր շահույթը, նրանք բարձր գներ են սահմանում: Այս պատճառով էլ «Դեղերի մասին» նոր օրենքում գլուխ հայտնվեց, որի համաձայն՝ ԱՆ-ի պետգնումների շրջանակում դեղերի գները կկարգավորվեն: Ի՞նչ է սա նշանակում:

«Օրենքում նշված է, որ սա ռեֆերենս գների որոշման հիման վրա կլինի: Տարածաշրջանի երկրներից մենք տվյալներ կստանանք այն դեղամիջոցների գների մասին, որոնք ցանկանում ենք ձեռք պետգնումով: Սրան գումարած՝ հաշվի կառնվի արտադրողի բաց թողնելու գնի մասին տեղեկատվությունը: Մենք նաեւ հաշվի կառնենք այն մեխանիզմները, ըստ որոնց Հայաստանում գները գոյանում են: Եվ մեզ մոտ ինչ-որ գին կստեղծվի, օրինակ՝ ասպիրինի, ավելի ճիշտ՝ ացետիլսալիցիլային թթվի, քանի որ այս ամենը կորոշվի ըստ գործող նյութի: Եվ դա կլինի առավելագույն գինը, որով ԱՆ-ը կարող է այն գնել, դրանից բարձր գին չի կարող լինել»,- պարզաբանեց նա:

Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ 2018 թվականից օրենքի այս կետը ուժի մեջ կմտնի, որը կվերաբերի մոտ 40 ակտիվ նյութի: Այնուհետեւ 3 տարի այս մեխանիզմը կփորձարկվի, եւ հստակ ընկալում կլինի, թե այն որքանով է արդյունավետ: 2020 թվականից այս մեխանիզմը կտարածվի նաեւ այն գնումների վրա, որոնք բուժհաստատությունները կատարում են իրենց համար՝ կրկին պետական միջոցների հաշվին: Այսինքն՝ այն արդեն կտարածվի կենսականորեն կարեւոր բոլոր դեղամիջոցների ցանկի վրա: «Մենք ոչինչ չենք ասում դեղատների կոմերցիոն գների մասին, եւ օրենքն այս հարցում ոչ մի բան չի կարգավորում»,- նշեց նա՝ հավելելով, որ Առողջապահության նախարարությունը եւ բուժհաստատություններն, այնուամենայնիվ, դեղամիջոցների բավականին լայն սպեկտր են գնում, եւ սա պետք է ազդի կոմերցիոն գների վրա:

«Սա ազդանշան կլինի մեր դիստրիբյուտորների եւ ցանցերի համար, որ շուկայում աշխատեն շահույթ ստանալու ավելի ցածր մակարդակներով: Եթե նրանք սա չանեն, ապա մենք կարող ենք նրանց արդեն այսօր խոստանալ, որ եթե գների նվազման ուղղությամբ շարժ չտեսնենք, բացարձակապես ամեն ինչ կկարգավորենք: Մենք կգնանք օրենքի փոփոխությանը, եւ այդ ժամանակ արդեն կոմերցիոն հատվածը նույնպես կընկնի պետության կարգավորման ներքո, ինչպես Ռուսաստանում է, ինչպես շատ ուրիշ երկրներում է՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, բոլոր քաղաքակիրթ երկրներում, որոնք առողջապահության լավ համակագ ունեն»,- ընդգծեց փոխնախարարը:

Նա հայտնեց, որ հիմա Առողջապահության նախարարությունում տնտեսագետներից (ոչ բժիշկներից կամ դեղագործներից) կազմված հատուկ խումբ է աշխատում, որն արդեն գործնականում մշակել է ռեֆերենս գների մեթոդաբանությունը: «Սակայն մենք ցանկանում ենք այն զարգացնել մինչեւ այն մակարդակ, որպեսզի ներկայացնենք հանրությանը եւ այն ներմուծող կազմակերպություններին, որոնք «շատ ուրախ կլինեն» այս մասին իմանալ: Կարծում եմ՝ մի քանի ամիս հետո սա հնարավոր կլինի անել»,- ամփոփեց նա: