5-ամյա Կարինան նման չէ իր հասակակից մյուս աղջիկներին. նրան տիկնիկներն ամենեւին չեն հետաքրքրում, դրա փոխարեն նրան գրավում են վիշապներն ու դինոզավրերը, դուր են գալիս նաեւ մեքենաները: Հազվադեպ հիվանդության պատճառով Կարինան մանկապարտեզ չի հաճախում. օրվա մեծ մասը նա կա՛մ տանը նկարում է (իհարկե՝ դինոզավրերի), կա՛մ ծնողների հետ մաքուր օդում զբոսնում:
Մոտ մեկ տարի առաջ Կարինային կոկորդի պապիլոմատոզ են ախտորոշել, որը բավական հազվադեպ հիվանդություն է, այն աղջնակին խանգարում է ապրել այնպես, ինչպես իր հասակակիցները: Աղջկա մայրը՝ Դիանա Գալստյանը, NEWS.am Medicine-ին պատմեց, որ Կարինան չի կարող մանկապարտեզ հաճախել, քանի որ նրան չի կարելի ո՛չ մրսել, ո՛չ ինֆեկցիոն հիվանդություններով վարակվել՝ այս ամենը կբերի հիվանդության սրման:

Կոկորդի լորձաթաղանթին եւ/կամ ձայնալարերին պապիլոմատոզով տառապող հիվանդների մոտ բազմաթիվ պապիլոմաներ՝ բարորակ ուռուցքներ են առաջանում: Հիվանդության հարուցիչը պապիլոմավիրուսների ընտանիքի 6-րդ կամ 11-րդ տեսակների վիրուսն է: Այս վիրուսը կարող է երկար ժամանակ օրգանիզմում գտնվել՝ այս ընթացքում ոչ մի կերպ չդրսեւորվելով: Սակայն եթե մարդու իմունիտետը թուլանում է, վիրուսը կարող է ակտիվանալ՝ առաջացնելով պապիլոմաների աճ:
Հիվանդությունը սովորաբար առաջանում է փոքրահասակ երեխաների մոտ, իսկ սեռական հասունացումը սկսվելիս (11-13 տարեկանում հորմոնալ ֆոնի փոփոխության հետեւանքով) պապիլոմաների աճը սովորաբար դադարում է:
Որպես կանոն, պապիլոմաներն ինքնին վտանգ չեն ներկայացնում, սակայն Կարինայի մոտ այսպիսի պապիլոմաներ են աճում շնչափողի վրա. շնչափողը ծածկելով՝ դրանք նրան թույլ չեն տալիս նորմալ շնչել, եւ եթե դրանք ժամանակին չհեռացվեն, աղջիկը կարող է ուղղակի շնչահեղձ լինել:

Կարինայի մոտ հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է անցյալ տարվա հուլիսին: Դրանից կարճ ժամանակ անց ծնողները նրան Մոսկվա են տարել՝ «Սուրբ Վլադիմիրի մանկական քաղաքային հիվանդանոց», որտեղ պապիլոմատոզի բուժման մեծ փորձ ունեցող մասնագետները նրա շնչափողից նորագոյացությունները հեռացել են:
Սակայն մեկ ամիս էլ չանցած պապիլոմաները դարձյալ սկսել են աճել, եւ շուտով Կարինան կրկին սկսել է վատ շնչել: Աղջկա մոր խոսքով՝ վերջին 9 ամիսներին նրան արդեն 4 անգամ վիրահատել են, նույնիսկ իր տարեդարձի 5-ամյակի օրը աղջիկը հիվանդանոցում է անցկացրել՝ վերականգնվելով վիրահատությունից հետո:

Ամբողջ խնդիրն այն է, որ պապիլոմաներն ավանդական ճանապարհով հեռացնելու դեպքում բավական արագ է ռեցիդիվ առաջանում՝ ընդամենը մեկ-երկու ամիս հետո հիվանդները նոր վիրահատության կարիք են ունենում: Սակայն եվրոպական երկրներում այս ուռուցքը հատուկ լազերով են հեռացնում, որն «այրում» է նաեւ ուռուցքի տեղը. այսպիսի վիրահատությունից հետո ռեցիդիվների քանակը զգալիորեն կրճատվում է, եւ վիրահատության կարիք են ունենում տարեկան մեկ անգամ, առավելագույնը տարեկան 2 անգամ:
Ընդամենը մի քանի ամսում նարկոզով 4 վիրահատությունը չափազանց բացասաբար է ազդել աղջկա առողջության վրա: Բժիշկները պնդում են, որ երբ նա 11-12 տարեկան դառնա, պապիլոմաների աճը կդադարի, եւ նա կկարողանա նորմալ կյանքով ապրել ու վիրահատությունների մասին մոռանալ: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է առավելագույնս կրճատել վիրահատությունների թիվը, որպեսզի դրանք նրա առողջությանն անուղղելի վնաս չպատճառեն:
Կարինայի ընտանիքը եւ նրան օգնել ցանկացող մարդիկ դրամահավաք են կազմակերպել, որ աղջկան Եվրոպա ուղարկեն լազերի միջոցով վիրահատվելու համար, որից հետո նա գոնե մեկ տարի կկարողանա հանգիստ ապրել, առանց ռեցեդիվների: Հիմա այսպիսի վիրահատություններ են կատարում Գերմանիայի եւ Բելգիայի կլինիկաներում. Կարինայի մայրն արդեն նրանց հետ կապ է հաստատել եւ ուղարկել դստեր բոլոր տվյալներն ու փաստաթղթերը: Գումարի մի մասը հաջողվել է հավաքել, սակայն նրանք հույս ունեն ամբողջ գումարը հավաքել մինչ այն, երբ նրա շնչափողին կրկին պապիլոմաներ կաճեն:
Աղջկան կարելի է օգնել նրա ֆանդրեյզինգային հաշվի էջում՝ https://www.youcaring.com/littlekarina-807483:
Կարելի է նաեւ ցանկացած չափի գումար փոխանցել բանկային հետեւյալ հաշվեհամարներին.
Ameriabank
1570024501020101USD
1570024501020146EURO
1570024501020100 AMD
Ստացող՝ Ռիգինա Կարապետյան
Сбербанк 4276380129056201 INESSA TOROSYAN










