Գիշերը հանգիստ է անցել, փոքրիկ Արայի,- մայիսի 3-ին ծնված հնգյակի երեխաներից մեկը,- վիճակի վատթարացում չի եղել: Սակայն դեռեւս վաղ է նրա վիճակի բարելավման մասին խոսել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կելենտերյանը:

Ինչ վերաբերում է մյուս 2 երեխաներին, բժիշկները Աննա անվանակոչված երեխայի վիճակը կայուն ծանր են գնահատում. նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:

Աղջիկներից Ռոզին, ում խնամում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, բժիշկների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ կայուն վիճակում է: Նա թոքերի արհեստական օդափոխությունից միացվել է CPAP համակարգին:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի աղջիկներից մեկը, որը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: