Ինտենսիվ մարզումները կարող են օրգանիզմում ծերացման գործընթացը դանդաղեցնել բջիջների մակարդակով. կանոնավորապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվող օրգանիզմը միջինը 9 տարի ավելի ուշ է ծերանում: Այս մասին հաղորդել են Brigham Young University-ից գիտնականները:
Հետազոտության ընթացքում նրանք չափել են 5823 մեծահասակ կամավորների տելոմերների երկարությունը: Համարվում է, որ դրանց երկարությունից է կախված կյանքի տեւողությունը. որքան դրանք երկար են, այնքան երկար է ապրում օրգանիզմը: Տարիքի հետ տելոմերների երկարությունը կրճատվում է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակ ունեցող մասնակիցները բջիջների մակարդակով 9 տարով ավելի երիտասարդ են նստակյաց կենսակերպ վարող տարեկիցներից, իսկ ֆիզիկական ակտիվության միջին մակարդակ ունեցողներն իրենց պասիվ ընկերներից երիտասարդ են 7 տարով:
Նշենք, որ Ջորջթաունի համալսարանի գիտնականները պնդում են, որ տելոմերների չափումը մարդու կյանքի տեւողությունը հասկանալու լավագույն միջոցը չէ: Դրա փոխարեն մասնագետներն առաջարկում են գնահատել տարիքը, աստիճաններով բարձրանալու եւ ոչ մեծ տարածություն անցնելու ունակությունը:






