ՄԻԱՎ վարակակիրների կյանքի տեւողությունը հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ 10 տարով երկարել է, հայտնում են գիտնականները։ Դա նշանակում է, որ հիմա ՄԻԱՎ-ով վարակվածների կյանքի տեւողությունը նույնքան է, որքան այդ վիրուսով չվարակվածներինը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում։

Հետազոտության հեղինակները դիտարկել են Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրների գիտնականների 18 աշխատություններ։ Այդ աշխատություններն ընդգրկել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 88 հազար մարդու, որոնք 1996-2010 թթ․ սկսել էին հակառետրովիրուսային դեղամիջոցներ ընդունել։ Նրանց շրջանում, ովքեր 1996-2007 թվականներին են սկսել դեղամիջոցներ ընդունել, առաջին երեք տարիներին մահացության ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան 2008-2010 թվականներին բուժումը սկսածների շրջանում։

Ժամանակակից դեղամիջոցների կողմնակի էֆեկտներն ավելի քիչ են, վիրուսի համար ավելի դժվար է դրանց հանդեպ կայունություն ձեռք բերել, իսկ ՄԻԱՎ վարակակիրների մոտ հիվանդությունների կանխարգելման ու բուժման բարելավված ծրագրերը թույլ են տալիս առավելագույնս խուսափել հիվանդությունների հետեւանքներից։ Նրանք, ովքեր սկսել են հակառետրովիրուսային թերապիա ստանալ 2008-ից հետո, բոլոր հնարավորություններն ունեն միջինը մինչեւ 78 տարեկանն ապրելու. այնքան, որքան ՄԻԱՎ-ով չվարակված մարդիկ։

Սակայն թմրադեղերի ներարկման ժամանակ վարակվածների շրջանում առաջխաղացումն այդքան զգալի չէ։