2016 թվականի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» նոր օրենքի լիարժեք կիրառման համար պետք է ընդունվեն կառավարության եւ առողջապահության նախարարի մի քանի տասնյակ որոշումներ ու հրամաններ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներկայում կառավարություն ուղարկելու համար պատրաստ են երեք հիմնական որոշումներ՝ դեղամիջոցների գրանցման, ներմուծման ու արտահանման եւ դեղատոմսերի մասին որոշումները: Փոխնախարարի պարզաբանմամբ՝ այս երեք որոշումներից յուրաքանչյուրը համալիր փաթեթ է: Օրինակ՝ դեղատոմսով տրվող դեղերի մասին որոշումը պարունակում է նաեւ թմրամիջոցներ պարունակող դեղերի տրման կանոններ: Նախկինում այս հարցն առաձին էր կարգավորվում: Սա արվել է բիզնեսի աշխատանքը հեշտացնելու համար, հավելեց փոխնախարարը: Սերգեյ Խաչատրյանի կանխատեսմամբ՝ այս երեք որոշումները, հնարավոր է, ընդունվեն մայիսի կեսին:
«Վերաբերմունքը արմատապես փոխվել է ե՛ւ դեղատոմսերի, ե՛ւ ներմուծում-արտահանման, ե՛ւ գրանցման նկատմամբ: Մենք այս ամենն ավելի հեշտացրել ենք: Օրենքում հստակ ամրագրված են հիմնական դրույթները, որոնց համաձայն Առողջապահության նախարարությունը կարող է գրանցումը մերժել: Այնտեղ 15 կետ կա: Ես չեմ կարող 16-րդ կետը գտնել, որպեսզի գրանցումը մերժեմ: Օրենքում ոչ մի սողանցք չկա: Մենք ինքներս ենք մեր առջեւ պատնեշներ դրել»,- ասաց նա՝ հավելելով, որ նույն կերպ հստակ ձեւակերպված է, թե որ դեպքում Առողջապահության նախարարությունը կկարողանա մերժել դեղերի ներմուծումը, եւ այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին:
Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ արտահանման առջեւ բոլոր դռները բաց են. արտահանողն անգամ կարող է իր դեղերը Հայաստանում չգրանցել՝ եթե դրանք գրանցված են այն երկրում, ուր արտահանում է, ապա կարող է հանգիստ դուրս տանել: Նա հավելեց, որ եթե նեմուծողը չի ցանկանում ԱՆ-ի Դեղերի փորձագիտական կենտրոնում ներմուծվող դեղի փորձաքննություն կատարել, ապա կարող է իր ցանկությամբ դա կատարել ցանկացած մասնավոր լաբորատորիայում, որը համապատասխան հնարավորություններ ունի:
Խոսելով այն մասին, որ այս որոշումների ընդունումը ձգձգվում է, Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե ավելի լավ է դրանց ընդունումը մի փոքր ձգձգվի, բայց մինչեւ վերջ մշակվի:
«Պետությունն իր վրա է վերցնում դեղամիջոցների որակի, բնակչության համար հասանելիության ապահովման պարտավորությունը, դրա հետ մեկտեղ ջանում է, որ բիզնեսը չտուժի, եւ բիզնեսը նույնպես որակի ապահովման պարտավորություն ստանձնի»,- ասաց փոխնախարարը:






