Դեռեւս չի ընդունվել որոշումը, որը վերաբերում է «Դեղերի մասին» օրենքի՝ դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի տարանջատման մասին կետի գործողության մեջ մտնելու մինչեւ 2025 թվականը հետաձգմանը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Մենք այս մասին մտածում էինք, քանի որ բիզնեսի համար այս հարցի հետ կապված խնդիրներ էին առաջանում: Ոմանք մտածում էին դեղատնային ցանցի համար նոր ընկերություն ստեղծել, մյուսները՝ մեծածախ առեւտրի, երկու դեպքում էլ որոշակի դժվարություններ էին ծագում, ինչ-որ տեղ՝ ավելի շատ, ինչ-որ տեղ՝ ավելի քիչ, եւ մենք որոշեցինք դրանք կարգավորելու համար ժամանակ տալ: Սակայն կառավարությունը դեմ է այս հարցի ձգձգմանը: Ներմուծողները պետք է հնարավորինս արագ լուծեն իրենց խնդիրները, եւ մենք այս հարցում նրանց կօգնենք», - ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ այս ամենը տեխնիկական հարցեր են, որոնք լուծելի են, եւ դրա համար առաջարկվող ժամկետը՝ մինչեւ 2025 թվականը, իրապես շատ մեծ է: Այս խնդիրները կարելի է լուծել նաեւ ավելի կարճ ժամկետում: «Մենք խոստացել ենք եւ այս հարցում կօգնենք, մասնավորապես՝ լիցենզիաները շատ կարճ ժամանակահատվածում կտանք, կկրճատենք փաստաթղթաշրջանառության ժամկետները եւ այլն», - նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե այս կետն ընդունելիս ինչու կառավարությունը մինչեւ վերջ չգնաց եւ չմտցրեց պահանջ այն մասին, որ միեւնույն անձը չի կարող լինել դեղերի վաճառքի ինչպես մեծածախ ընկերության սեփականատեր, այնպես էլ մանրածախ, փոխնախարարը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ նման վիճակը կարող է գործել միայն մեծ շուկաներում:
«Եվրոպական երկրներում տարանջատված են նաեւ ներմուծումը եւ մեծածախ առեւտուրը: Սակայն մեզ մոտ անիմաստ է մեկ լիցենզիա ունենալ ներմուծման համար, եւս մեկ լիցենզիա էլ մեծածախի համար»,- ասաց նա՝ հավելելով, թե առայժմ որոշվել է տարանջատել մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, իսկ ժամանակը հետո ցույց կտա, թե էլ ինչ փոփոխություններ են պետք: Նրա խոսքով՝ մեկ-երկու տարուց իրավիճակը կարող է փոխվել, եւ նոր շտկումներ են հնարավոր:






