Եմենում խոլերայի բռնկումն ապրիլի վերջից մինչ օրս արդեն 115 մարդու կյանք է խլել: Այս մասին գրում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):
ԿԽՄԿ ներկայացուցիչ Դոմինիկ Ստիլհարտը հայտարարել է, որ երկրի իշխանությունները 14 նահանգներում խոլերայով վարակվելու ավելի քան 8500 դեպք է արձանագրել: Վերջին շաբաթվա ընթացքում զոհերի թիվն ավելի քան երեք անգամ աճել է: Ստիլհարտի խոսքով՝ Եմենի հիվանդանոցները լեցուն են եւ չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը:
Եմենի իշխանությունները հիվանդության բռնկման մասին առաջին անգամ հայտնել էին 2016 թվականի հոկտեմբերին: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակի բարձր վտանգ ունեցող շրջաններում շուրջ 7.6 մլն մարդ է բնակվում:
Նշենք, որ հինգշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել էր, որ խոլերայի հետեւանքով Եմենում 51 մարդ է մահացել:






