Բուժման հոմեոպատիկ մեթոդների օգտագործումը ռուսական օրենսդրությանը չի հակասում, իսկ «Հոմեոպատիայի կեղծ գիտության մասին» հուշագրի դրույթները խորհրդատվական բնույթ ունեն: Այս մասին նշված է Հոմեոպատիայի ազգային խորհրդի հարցմանը ՌԴ գլխավոր դատախազության պատասխանում:
«ՌԴ գլխավոր դատախազությունը վերլուծել է առողջության պահպանման եւ դեղամիջոցների շրջանառության ոլորտի նորմատիվային իրավական ակտերը, որոնք կարգավորում են բուժման հոմեոպատիկ մեթոդների կիրառման հարցերը: Արդյունքներով պարզվել է, որ գործող նորմատիվային ակտերը դիտարկվող ոլորտում թույլ են տալիս նշված մեթոդներն օգտագործել պրակտիկ բժշկության մեջ»,- նշված է Հոմեոպատիայի ազգային խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարպեեւին ուղղված գլխավոր դատախազության պատասխանում:
Վերահսկիչ գերատեսչության պատասխանում նաեւ նշված է, որ Ռուսաստանի ԳԱ-ի ընդունած հուշագիրը կատարման համար պարտադիր չէ: «Հուշագրի դրույթները խորհրդատվական բնույթ ունեն, որտեղ շարադրված է առանձին գիտնականների դիրքորոշումը»,- նշված է գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ:
Ռուսաստանի ԳԱ կեղծ գիտության եւ գիտական հետազոտությունների կեղծման դեմ պայքարի հարցերով հանձնաժողովը փետրվարի 6-ին «Հոմեոպատիայի կեղծ գիտության մասին» հուշագիր է հրապարակել, որում նշված է, որ հոմեոպատիայում կիրառվող տարբեր նյութերի գերփոքր չափաքանակներով բուժումը գիտական հիմնավորում չունի: Հանձնաժողովը եզրակացրել է, որ բժշկության մեջ հոմեոպատիայի կիրառումը «հակասում է հայրենական առողջապահության հիմնական նպատակներին եւ պետք է ստանա պետական կազմակերպված հակազդեցություն»:






