Այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանի առողջապահության համակարգում 200 կլինիկական ուղեցույց կներդնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Հիմա մենք ակտիվորեն աշխատում ենք կլինիկական ուղեցույցների զարգացման եւ ներդրման վրա: Այս նախագիծը նախատեսված է 5 տարով. ընդամենը կլինի մոտ 1000 ուղեցույց, իսկ տարեկան մենք կարող ենք մեր ուժերով թարգմանել, տեղայնացնել եւ ներդնել մոտ 200 ուղեցույց»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին կթարգմանվեն եւ կներդրվեն այն ուղեցույցները, որոնք կօգնեն շրջաններում առողջապահության զարգացմանը եւ այն կմոտեցնեն մայրաքաղաքի բժշկության մակարդակին: Դեռեւս հայտնի չէ, թե այս ուղեցույցները կոնկրետ որ ոլորտներին կվերաբերեն: Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված է ավելի քան բժշկական 60 նեղ մասնագիտացում, եւ դրանցից 46-ի համար աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք արդեն սկսել են այս ոլորտներին վերաբերող ուղեցույցների թարգմանության, հարմարեցման եւ տեղայնացման աշխատանքները:

Լեւոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանում արդեն գործում են մանկաբարձների եւ գինեկոլոգների համար նախատեսված մի քանի ուղեցույցներ, իսկ դրանց հիման վրա թեստեր են մշակվել այս մասնագետների գիտելիքների գնահատման համար:

Նշենք, որ կլինիկական ուղեցույցները փաստաթղթեր են, որոնք նկարագրում են անհրաժեշտ գործողությունները, որոնք մասնագետները պետք է կատարեն տարբեր հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակ: Այսօր Հայաստանում այդպիսի ուղեցույցներ են կիրառվում միայն փոքրաթիվ կլնիկաներում կամ որոշ մասնագիտությունների բժիշկների կողմից, սակայն ոչ բոլորի: Եթե Հայաստանում ամենուրեք այդպիսի ուղեցույցներ ներդրվեն, դա հիվանդներին կպաշտպանի ավելորդ հետազոտություններից եւ սխալ բուժումներից. այն ամենը, ինչ նրանց կնշանակվի, հիմնված կլինի ապացուցողական բժշկության վրա: Իր հերթին բժիշկը եւս անփութության մեղադրանքներից ավելի լավ պաշտպանված կլինի, եթե ուղեցույցներին հետեւի: