Հեպատիտ С-ով հիվանդների «Սովալդի» դեղով բուժումը կսկսեն արդեն մայիսի վերջին: Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանում այսօր հեպատիտ C-ով ավելի քան 2000 հիվանդ կա, որոնցից հազարն այս ծրագրի շրջանակում կկարողանան լիարժեք առողջանալ:

Նախարարի խոսքով՝ «Սովալդի» դեղը բավականին թանկարժեք է՝ բուժման 3-ամսյա կուրսը մոտ 86 հազար դոլար արժե: Սակայն ծրագրի շրջանակում 1000 հայ հիվանդները դեղն անվճար կստանան, որը Վրաստանի կառավարությունը Հայաստանին որպես օգնություն է հատկացրել:

Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, որոնք ծրագրի մեջ չեն ընդգրկվի, վիրուսի շտամները, որոնցով նրանք վարակված են, դեռեւս պարզվում են, որից հետո մասնագետները կքննարկեն նրանց հետագա բուժման հնարավորությունները:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատարյանն, իր հերթին, նշեց, որ այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ դրա շնորհիվ 1000 մարդ կկարողանա հեպատիտից բուժվել, այլեւ այն պատճառով, որ այն միաժամանակ կապահովի հիվանդության տարածման կանխարգելմանը՝ առողջացած մարդիկ այլեւս մյուսներին չեն վարակի:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 4-ի նիստի ժամանակ հաստատել է ծրագիրը, որի համաձայն Վրաստանի կառավարությունը Հայաստանին կնվիրաբերի «Սովալդի» նորագույն դեղամիջոցը հեպատիտ C-ով 1000 հիվանդների բուժման համար:

Նախարարությունից նշել են, որ հեպատիտ C-ի բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին մշակված «Սովալդի» դեղամիջոցի շնորհիվ: Հայաստանը օրիգինալ դեղը կստանա, որի բուժման կուրսն արտասահմանում 50-60 հազար դոլար արժե:

Առաջին հերթին կսկսվի այն հիվանդների բուժումը, որոնց մոտ լաբորատոր հետազոտություններով հեպատիտ C-ի ախտորոշումն արդեն հաստատվել է, կամ նրանք պատրաստ են լաբորատոր հետազոտությունն իրենց հաշվին կատարել: Ծրագրի մեջ առաջին հերթին կընդգրկվեն նաեւ այն հիվանդները, որոնք պատրաստ են վճարել լրացուցիչ դեղերի համար, որոնք անհրաժեշտ են հեպատիտ C-ի բուժման համար: Նվեր ստացած «Սովալդի» դեղի հետ միասին բուժման կուրսը ներառում է եւս 1 կամ 2 դեղեր, սակայն դրանց արժեքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: