59-ամյա Սուրեն Սիմոնյանը, որը ծանր այրվածքներ էր ստացել գազի բալոնի պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով, վերակենդանացման բաժանմունքից արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի անեստեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանը:

Մասնագետի խոսքով՝ Սուրենն իրեն արդեն լավ է զգում եւ վստահաբար առողջացման է գնում, կարողանում է ինքնուրույն ուտել եւ խոսել: Նա վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր է անցկացրել, որից հետո հիվանդասենյակ է տեղափոխվել, որտեղ կշարունակի բուժում ստանալ: Սակայն առայժմ հայտնի չէ, թե նրան հիվանդանոցից երբ դուրս կգրեն:

Հիշեցնենք, որ Սուրենը Կենտրոն է տեղափոխվել մայիսի 8-ին, ժամը 23:20-ին: Ընդունվելիս նրա վիճակը շոկային է եղել, նա ստացել էր մարմնի  25 տոկոսի այրվածք, այդ թվում՝ գլխի, դեմքի եւ վերջույթների: Ուներ նաեւ շնչուղիների այրվածքներ:

Պարզվել է, որ նրա տան խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ եւ պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Սուրենը եւ նրա 53-ամյա կինը հոսպիտալացվել են, սակայն կնոջ այրվածքները մակերեսային էին, եւ բժիշկները նրան մաշկը մշակելուց հետո տուն են ուղարկել: