Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր եւ սեփականատեր Ալեքս Շնայդերը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին եւ ՀՀ-ում հավելվածի ներդրման եւ կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, Ալեքս Շնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ, հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի եւ գաղտնիության սկզբունքները:

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին: Կենտրոնի մասնագետներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ եւ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Հավելվածն օգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար: Արդեն իսկ առկա է դրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:

Հայաստանը կլինի աշխարհի 25 երկրներից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածի փորձնական տարբերակը: