Բժիշկներն ամենից լավ մտապահում են այն հիվանդներին, որոնց չեն կարողացել օգնել: Բժիշկները սովորաբար ծանր են տանում հիվանդների մահը, սակայն նույնիսկ այդ դեպքերում նրանք պետք է դասեր քաղեն: Այս մասին ասաց «Ավրորա» մրցանակի հավակնորդ, բժիշկ Թոմ Կատինան՝ Երեւանի պետական բժշկական համալսարանում ապագա բժիշկների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ինքը լավ է հիշում հիվանդներից յուրաքանչյուրին, որոնց մասին պատմել է ապագա հայ բժիշկների համար կարդացած իր դասախոսության ժամանակ: Եթե նույնիսկ այդ հիվանդներն իր մոտ են եղել շատ տարիներ առաջ, նա դեռեւս հիշում է նրանց անունները, ախտորոշումները, հիշում է՝ նրանք ինչպես եւ երբ են ընդունվել, ինչպես եւ երբ են մահացել:
Նա առանձնապես լավ է հիշում մի կնոջ եւ երեխայի, որոնք խոր այրվածքներով ընդունվել էին Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոց, որտեղ աշխատում է Թոմ Կատինան: Մարմնի մոտ 60 տոկոսի այրվածքները նրանք ստացել էին խաղաղ բնակավայրի ռմբակոծման ժամանակ, որտեղ բնակվում էին: Երեխան ամեն օր բժշկից թխվածքաբլիթ էր խնդրում, եւ նա գաղտնի նրա համար դրանք բերում էր խոհանոցից:
Որոշ ժամանակ անց ե՛ւ կինը, ե՛ւ երեխան մահացել են: Երեխան մահացել է բժշկի ձեռքերի վրա, եւ նա շատ ծանր է տարել նրա մահը:
«Ես եւ բուժքույրը, որն օգնում էր հիվանդներին խնամել, կարկամել էինք, մենք այնպիսի վիճակում էինք, որ նույնիսկ արտասվել չէինք կարողանում, մենք պարզապես քարացել էինք, կաթվածահար էինք»,- պատմել է դոկտորը: «Հիշում եմ յուրաքանչյուր հիվանդին, որոնց մասին ձեզ պատմել եմ, ես նրանց երբեք չեմ մոռանա: Բայց նման իրավիճակում ի՞նչ կարելի է անել: Վատթարագույն ելքից հետո բժիշկը պետք է իրեն տիրապետի եւ մտածի՝ ի՞նչ կարող եմ ես այստեղից վերցնել: Ի՞նչ կարող եմ անել, որ հաջորդ անգամ ամեն ինչ այլ կերպ լինի»:
Եթե դրա փոխարեն, բժիշկն ազատություն տա զգացմունքներին, նա, դոկտոր Կատինայի խոսքով, կսկսի ձախողվել մյուսների դեպքում, նրանց, ովքեր իրեն շրջապատում են: Այդ դեպքում ե՛ւ ինքը, ե՛ւ մյուսները կտառապեն:
Դոկտորի խոսքով՝ ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական իմաստով այս ծանր աշխատանքը հաղթահարելուն իրեն օգնում են Աստծո նկատմամբ հավատը: Ավելին՝ հենց հավատի շնորհիվ է նա հիվանդանոցում աշխատում:
«Եթե ես քրիստոնյա չլինեի, ես այս աշխատանքը չէի անի, ես ինչ-որ ուրիշ բան կանեի,- խոստովանում է նա: - Սա շատ ծանր, ուժասպառ անող աշխատանք է, եւ առանց իմ քրիստոնեական հավատի ես դժվար թե կարողանայի այն անել»:
Հետաքրքիր է, որ Թոմ Կատինան սկզբում ինժեների մասնագիտություն է սովորել, բայց քանի որ նա միշտ ցանկացել է միսիոներ լինել, մի գեղեցիկ օր որոշել է բժշկություն սովորել:
«Իմ նպատակը միսիոներ լինելն էր, աղքատների, կարիքավորների հետ աշխատելը: Իսկ բժշկությունն ինձ համար այս նպատակին հասնելու միջոց է»,- խոստովանում է դոկտորը:
Նշենք, որ Թոմ Կատինան 2017 թվականի «Ավրորա» մրցանակի 4 հավակնորդներից մեկն է: Չնայած Սուդանի կառավարական ուժերի կողմից տարածքի մշտական ռմբակոծություններին, դոկտոր Կատինան զօրուգիշեր հիվանդանոցում է մնացել, որպեսզի մարդկանց համար հասանելի լինի:






