«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախագծերը պետք է ուղղվեն Հայաստանում բժշկական կրթության մակարդակի բարձրացմանը եւ նոր հիվանդանոցների կառուցմանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայկական միջազգային բժշկական կոմիտեի ներկայացուցիչ, Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը (ԱՄՆ):
Նա նշեց, որ այսօր Հայաստանում բժշկական կրթությունը բավականին լավ մակարդակի վրա է, սակայն այս ոլորտում, ինչպես եւ մյուս շատ ոլորտներում, մշտապես բարելավելու բան կա: Մասնագետի խոսքով՝ հայ բժիշկների մակարդակի բարձրացմանը կարող են նպաստել նաեւ արտասահմանից հայտնի բժիշկների այցերը, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակով հայ մասնագետների ուղեւորությունները այլ երկրներ:
Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, մինչ օրս «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով եւ Հայաստանի մարզերում, եւ Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի հիվանդանոցներ կառուցվել են: Դրանց թվում է Ստեփանակերտում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնը, որը վերջերս է կառուցվել եւ Ֆրանսիայի հայերի ֆինանսավորման շնորհիվ կսարքավորվի նորագույն տեխնիկայով:
Հիշեցնենք, որ Երեւանում կառավարության Ընդունելությունների տանը մայիսի 27-ին սկսվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ եւ սփյուռքահայ հյուրեր:






