Մարդկանց օգնելու համար ամենեւին էլ պարտադիր չէ հսկայական գումարներ ծախսել բարեգործության վրա կամ էլ Սուդան մեկնել՝ այնտեղ մարդկանց բուժելու համար։ Յուրաքանչյուր մարդ կարող է իր շուրջը ինչ –որ բան փոխել։ Նման տեսակետ է հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինան Երեւանում «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով յուրաքանչյուրն ունի տաղանդներ ու հմտություններ, որոնք միայն իրեն են բնորոշ։ Կարեւոր է հասկանալ, թե մարդն ինչ առավելություններ ունի ու ինչպես կարող է դրանք օգտագործել հանուն մարդկության բարօրության։
«Պարտադիր չէ մեծ գումարներ հատկացնել բարեգործության համար կամ էլ մեկնել Սուդան ու այնտեղ լեռներում մարդկանց բուժել։ Մտածեք, թե ինչ կարող եք անել այնտեղ որտեղ դու գտնվում եք, ինչ կարող եք անել ձեր շուրջը գնվող մարդկանց համար»,- նշեց բժիշկը։
Նա հավելեց, որ իր օրինակով այնուամենայնիվ կցանկանար Հայաստանի երիտասարդներին ոգեշնչել դառնալ միսիոներներ՝ նման աշխատանքը, բժշկի խոսքով, շատ հայերի սրտով կլինի։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել այն երեք հայ բժիշկների, որոնք կամավոր մեկնել են աշխատելու այն հիվանդանոց, որտեղ բժիշկ Քաթենան է աշխատում, որպեսզի նա կարողանա Հայաստան գալ՝ «Ավրորա»մրցանակաբաշխությանը մասնակցելու։
Նշենք, որ Թոմ Քաթենան «Ավրորա-2017» մրցանակաբաշխության դափնեկիր է։ Արդեն երկար տարիներ նա աշխատում է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցում: Քաթինան այնտեղ միակ բժիշկն է եւ պատասխանատու է շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման համար: Հիվանդանոցը բավական հեռու է մյուս բնակավայրերից, եւ հիվանդները հաճախ ոտքով են այնտեղ հասնում:
Հիվանդանոցն այսօր 450 մահճակալ ունի, բայց հաճախ դրանք չեն բավականացնում՝ բոլոր հիվանդներին ու վիրավորներին ընդունելու համար. լրացուցիչ մահճակալները ստիպված են լինում պատշգամբում դնել: Մեծահասակների համար նախատեսված մեկ մահճակալին, որպես կանոն, միանգամից մի քանի երեխա է պառկում:
Հիվանդանոցում նաեւ ժամանակակից սարքավորումների պակաս կա: Ցավազրկման համար նրանք շատ հին սարքավորում են օգտագործում, իսկ մինչեւ վերջերս անդամահատումը սովորական սղոցով էին անում: Անցյալ ամսվա վերջին, Քաթինայի խոսքով, երկարամյա սպասումից հետո իրենց հիվանդանոցը վերջապես ռենտգենի ապարատ է ստացել:






