«Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան կցանկանար, որ մյուս բժիշկները գոնե մի քանի ամսով աշխատելու գային Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթասրտության մայր» հիվանդանոցում, որտեղ նա այսօրվա դրությամբ միակ բժիշկն է։ Այս մասին բժիշկը հայտնել է Երեւանում «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով ինքը շատ է մտածել այն մասին, թե ինչ է լինելու այդ ռեգիոնի 750 հազար բնակիչների հետ, եթե իր հետ հանկարծ մի բան պատահի, չէ՞ որ այնտեղ այլ բժիշկներ պարզապես չկան։ Բժշկի խոսքով պետք են ծրագրեր ու նախագծեր, որպեսզի հիվանդանոցում աշխատանքը շարունակվի, նույնիսկ եթե ինքն այլեւս այնտեղ չլինի։ Երկարաժամկետ հեռանկարում նա ապավինում է երկու ուսանողների օգնությանը, որոնք հիմա սովորում են Քենիայում ու Ուգանդայում ու որոնք ՝ ուսումն ավարտելուց հետո ամենայն հավանականությամբ կգան աշխատելու նրա հիվանդանոցում։ Բայց դա կլինի առնվազն 2-4 տարի հետո։
Թոմ Քաթինան նաեւ կցանկանար, որ մյուս բժիշկները գային Սուդան ու սովորեին աշխատել սուդանյան պայմաններում, որոնք բնականաբար տարբերվում են այն պայմաններից, որոնց սովոր են բժիշկները իրենց երկրներում։ Սուդանում բժիշկը բախվում է մի շարք հիվանդությունների հետ, որոնց հետ նա ամենայն հավանականությամբ չէր բախվի զարգացած ու զարգացող երկրներւոմ։ Բացի դրանից սուդանյան հիվանդանոցում սարքավորումների պակաս կա ու դրան էլ է պետք հարմարվել։
Նշենք, որ Թոմ Քաթինան «Ավրորա-2017» մրցանակաբաշխության դափնեկիր է։ Արդեն երկար տարիներ նա աշխատում է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցում: Քաթինան այնտեղ միակ բժիշկն է եւ պատասխանատու է շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման համար: Հիվանդանոցը բավական հեռու է մյուս բնակավայրերից, եւ հիվանդները հաճախ ոտքով են այնտեղ հասնում:
Հիվանդանոցն այսօր 450 մահճակալ ունի, բայց հաճախ դրանք չեն բավականացնում՝ բոլոր հիվանդներին ու վիրավորներին ընդունելու համար. լրացուցիչ մահճակալները ստիպված են լինում պատշգամբում դնել: Մեծահասակների համար նախատեսված մեկ մահճակալին, որպես կանոն, միանգամից մի քանի երեխա է պառկում:
Հիվանդանոցում նաեւ ժամանակակից սարքավորումների պակաս կա: Ցավազրկման համար նրանք շատ հին սարքավորում են օգտագործում, իսկ մինչեւ վերջերս անդամահատումը սովորական սղոցով էին անում: Անցյալ ամսվա վերջին, Քաթինայի խոսքով, երկարամյա սպասումից հետո իրենց հիվանդանոցը վերջապես ռենտգենի ապարատ է ստացել:
Հիշեցնենք, որ երեք հայ բժիշկ այս պահին փոխարինում են Կաթինային Սուդանի իր հոսպիտալում, ինչի շնորհիվ նա կարողացավ գալ Հայաստան «Ավրորայի» մրցանակաբաշխությանը մասնակցելու կամար։ Կաթինան դարձավ «Ավրորա–2017»–ի մրցանակակաիր։






