Առաջին անգամ լինելով Հայաստանում, տպավորված եմ Ավրորայի` աշխարհին ձեր պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաեւ մարդասիրության կոչ հղելու առաքելությամբ։ Այս մասին ասել է Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհուրդի (CMMB) ղեկավար Բրյուս Ուիլկինսոնը Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա Հայաստան է եկել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նրա ղեկավարած Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB) վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք եւ բժշկական պարագաներ։ 

Լեւոն Ալթունյանը հայ ժողովրդի, երկրի բարձրագույն  ղեկավարության եւ վարչապետի անունից շնորհակալություն է հայտնել Բրյուս Ուիլկինսոնին Հայաստանի բժշկական կարիքները հոգալուն ուղղված առատաձեռն եւ շարունակական աջակցության համար։

«Մենք ոչ միայն բարեփոխումներ ենք իրականացնում առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, այլեւ տրամադրված ենք զարգացնելու հայկական դեղերի արտադրությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը` ակնկալելով Կաթոլիկ բժշկական խորհրդի եւ անձամբ պարոն Ուիլկինսոնի աջակցությունն  այդ ուղղությամբ։

Բրյուս Ուիլկինսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում տեղական դեղարտադրության առաջընթացին։

Լեւոն Ալթունյանը  Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Շնորհակալագիրը առողջապահության բնագավառում իրականացրած զգալի նվիրատվության, Հայաստանի Հանրապետության բժշկական կարիքները հոգալուն ուղղված շարունակական աջակցության համար։

Բրյուս Ուիլկինսոնը պարգեւատրվել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Հուշամեդալով։

Ավելի ուշ հյուրը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Նա շրջել է կենտրոնի հիմնական կառույցներում, ծանոթացել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման, ինչպես նաեւ կլինիկական, բջջաբանական, բիոքիմիական, մակարդելիության համակարգի բաժանմունքներում իրականացվող ծառայություններին։

Աշխարհի 35 երկրում, այդ թվում` Հայաստանում ներկայացված բարեգործական կազմակերպության նախագահը կենտրոնի մասնագետների հետ քնննարկել է հիվանդների բուժման հետ կապված հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին։ Մեր բժիշկները Բրյուս Ուիլկինսոնին ներկայացրել են այն դեղերի ցանկը, որոնք կարող են հիվանդների բուժումն ավելի արդյունավետ դարձնել։

Ամերիկացի պատվարժան հյուրը պատրաստակամություն է հայտնել հնարավորություններ գտնել նշված դեղերով կենտրոնին աջակցելու ուղղությամբ։