Ուռուցքաբան-վիրաբույժ Ֆելիքս Մելիքյանը, որը 1964-ից աշխատում է Դիլիջան քաղաքում, այն 6 բժիշկներից է, որոնց մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է առողջապահության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Ֆելիքս Մելիքյանն աշխատում է «Իրվինգ» պոլիկլինիկայում։ Ասում է՝ շատ կցանկանար, որ այնտեղ ռենտգեն կաբինետ լիներ. դա զգալիորեն կդյուրացներ իր եւ մյուս մասնագետների աշխատանքը։
Ռենտգենի համար սարքավորում կա քաղաքի «Տավուշ» բուժկենտրոնում, հենց այնտեղ է բժիշկը ստիպված ուղարկում իր հիվանդներին։ Դա ինչ-որ չափով բարդացնում է աշխատանքը, քանի որ եթե ռենտգենը հենց պոլիկլինիկայում լիներ, հնարավոր կլիներ կապ պահել գործընկերների հետ, ավելի արագ ստանալ արդյունքները, տեղում պարզաբանել բոլոր հարցերը, հիվանդներն էլ ստիպված չէին լինի մեկ այլ բուժկենտրոն գնալ շատ պարզ հետազոտության համար։
Ֆելիքս Մելիքյանը բավական հաճախ է ստիպված լինում հիվանդներին ռենտգենի ուղարկել՝ ստացված տվյալները կարող են օգնել մի շարք հիվանդությունների ախտորոշմանը։ Եվ հետո, վերջերս հիվանդների թիվն էլ է ավելացել, քանի որ պոլիկլինիկան սկսել է սպասարկել շրջակա 3 գյուղերի բնակիչներին։
Հիշեցնենք, որ միջոցառման ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական մրցանակներ ու կոչումներ է շնորհել մի խումբ անձանց՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի ու մշակույթի, սպորտի ոլորտներում մատուցած ծառայությունների, բեղմնավոր աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրվածության, նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում զգալի ավանդի համար։






