Ամերիկյան Փիթսբուրգի համալսարանի գիտնականները ՄԻԱՎ-ի թեստ են մշակել, որի արդյունքները ներկայում ամենահստակն են։ Այն նաեւ սովորական թեստից երկու անգամ ավելի արագ է։
Չնայած այդ ուղղությամբ տարվող մշտական աշխատանքներին՝ մարդու իմունային անբավարավածության հիվանդությունը դեռ անհաղթահարելի է։ Բժիշկների եւ գիտնականների աշխատանքին հաճախ խոչընդոտում է այն փաստը, որ վիրուսը քնած վիճակում է։ Այդ պատճառով դժվար է ասել՝ իսկապե՞ս հիվանդը բուժվել է, թե՞ հիվանդությունը ժամանակավորապես է նահանջել։ Նոր թեստն օգնում է հայտնաբերել հենց թաքնված վիրուսները։
Հետազոտության հեղինակ Ֆալգունի Գուպտան ասել է, որ ջանքերը, որոնք վիրուսի ոչնչացման համար գործադրում են գիտնականները, զգալի են, սակայն տեխնոլոգիաներն այնքան էլ զարգացած չեն՝ պարզելու համար, արդյո՞ք մարդը բուժվել է, հաջողվե՞լ է ոչնչացնել վիրուսի օջախները։ Հակառետրովիրուսային թերապիան ներկայում ՄԻԱՎ-ով մարդկանց օգնում է ավելի երկար ապրել եւ զգալիորեն բարձրացնում է նրանց կյանքի որակը։ Սակայն թերապիայի հաջողված լինելու վերաբերյալ եզրահանգումների համար պետք է հասկանալ՝ արդյո՞ք վիրուսի կողմից ախտահարված բջիջները պահպանել են կրկնապատկվելու ունակությունը։ Այժմ դրա համար գործածվում է Q-VOA թեստը։ Այն արյան մեծ քանակություն եւ բավական երկար ժամանակ է պահանջում։ Բացի այդ՝ թեստն արժե շուրջ 1200 դոլար։
ԱՄՆ-ից մասնագետներն այլընտրանք են առաջարկել։ Այսպես, TZA թեստն ավելի քիչ ժամանակ եւ արյուն է պահանջում, ինչպես նաեւ ավելի էժան է։ TZA-ն գործում է հետեւյալ սկզբունքով. այն փնտրում է հատուկ գենը, որն ակտիվանում է միայն վիրուսի կրկնապատկման դեպքում։ Թեստի միջոցով գիտնականները ցույց են տվել, որ այն մարդկանց պարագայում, որոնց հակառետրովիրուսային թերապիայի արդյունքները ՄԻԱՎ-ի առկայություն ցույց չեն տվել, վիրուսի օջախները զգալիորեն ավելի շատ են, քան համարվում էր՝ շուրջ 70 անգամ։ Սակայն հետազոտողները հայտարարել են, որ իրենց հայտնագործությունը Q-VOA-ից հրաժարվելու առիթ չպետք է դառնա, քանի որ Q-VOA-ն եւ TZA-ն տարբեր կերպ են գործում։ Կախված կոնկրետ դեպքից՝ անհրաժեշտ կլինի կիրառել երկու թեստերից մեկը։






