Ես առողջապահության ոլորտի մենեջեր եմ, քաղաքական հարցերով ինձ մի դիմեք: Մայիսի 31-ին այս մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ արդեն մայիսից բուժհաստատությունները մերժում են հիվանդներին պետպատվերով ծառայություններ մատուցել, քանի որ պետպատվերի գումարները նախընտրական շրջանում արդեն ծախսվել են՝ ընտրողներին ընտրակաշառքի տեսքով անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար:

Դիտարկմանը, որ ընտրակաշառքի համար առողջապահության ոլորտի գումաներն են ուղղվել՝ նախարարը պատասխանեց, որ առողջապահության գումարները ծախսվում են բնակչության առողջության համար: Իսկ եթե տվյալներ կան, որ դրանք այլ կերպ են ծախսվում, նախարարը կոչ արեց այդ մասին հայտնել գրավոր տեսքով կամ թեժ գծով՝ հստակ փաստերով:

Նախարարի խոսքով՝ խոսակցություններն այն մասին, որ հիվանդանոցները հրաժարվում են պետպատվերի շրջանակում բուժօգնություն ցուցաբերել, սկսվում են ամեն ամսվա 20-ից, երբ հիվանդներին հաջորդ ամիսների համար են հերթագրում:

«Դուք գիտեք, որ մենք ապրում ենք սահմանափակ բյուջեի պայմաններում: Դա նշանակում է, որ ամեն ամիս բուժհաստատությանը տրվում է նրա տարեկան բյուջեի մեկ տասներկուերորդ մասը: Եթե ընթացիկ ամսվա գումարն արդեն ծախսվել է, հիվանդներին հաջորդ ամիսների համար են գրանցում: Ոմանք խախտում են այս գործընթացը եւ հիվանդներին ասում, որ պետպատվերի գումարը սպառվել է: Ինչ վերաբերում է անհետաձգելի օգնությանը, այն ժամանակին ցուցաբերվում է ամենուր՝ առանց բացառության: Եթե որեւէ բուժհաստատությունում հրաժարվում են նման օգնություն ցուցաբերել, ապա կա առողջապահության նախարարության թեժ գիծ, կան իրավապահ մարմիններ. բուժօգնություն չցուցաբերելը կամ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը քրեական հանցագործություն է»,- ասաց Լեւոն Ալթունյանը: