Պետությունն արդեն տասնյակ տարիներ փորձում է ղեկավարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, բայց վատ է ստացվում ու դրանում համոզվելու համար բավական է այցելել այդ կենտրոն։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ուռուցքաբանական կենտրոնը հայտնվել պետական հաստատությունների ցանկում, որոնք կառավարությունը վաճառքի է դնում։
«Եթե 30-40 տարի առաջ Հայաստանում մեկ բուժկենտրոն կար, որը ուռուցքաբանական հիվանդների բուժման ծառայություններ էր մատուցում, ապա հիմա պատկերը փոխվել է։ Այսօր ավելի քան տասնյակ բուժհաստատություններ նմանատիպ ծառայություններ են մատուցում։ Դա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը՝ պետությունը արդեն տասնյակ տարիներ փորձում է ղեկավարել այդ հաստատությունը, բայց եթե դուք այնտեղ գնաք, կտեսնեք, որ դա այդքան էլ լավ չի ստացվում։ Մենք համարում ենք, որ մասնավոր ներդրողը, մասնավոր կառավարիչը դա ավելի մեծ հաջողությամբ կանի, քան պետությունն է անում»,- ասել է նա։
Նախարարը վստահեցրել է, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա ուռուցքաբանության նկատմամբ պետության քաղաքականության վրա։ Նրա խոսքով, հիմա մշակվում է ուռուցքաբանության դեմ պայքարի ազգային ռազմավարություն, որպեսզի գնահատեն ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդացությունն ու մահացությունը երկրում ու գործողությունների ծրագիր մշակեն։
Այն հարցին, թե ինչու է վաճառքի դրվել Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնը, չէ՞ որ այդ կենտրոնը եզակի է ու այնտեղ բուժման համար միեւնույն է պետությունն է վճարում, նախարարը նշեց, որ դա արվում է, որպեսզի հաստատությունը չլինի դոտացիայի վրա, վնասով չաշխատի։ «Ամեն դեպքում դրանք փակ բաժնետիրական ընկերություններ են, ու պետությունը պարտավոր չէ պահել վնասով աշխատող հաստատություններ։ Մենք այդ հաստատություններին տալիս ենք հնարավորություն՝ մասնավոր կապիտալի ներգրավումով շահութաբեր դառնալ։ Եթե դա չհաջողվի՝ ապա մասնավոր ներդրողը իրավունք ունի կայացնել իր որոշումը, իսկ պետության խնդիրը կլինի բնակչությանը նման տեսակի բժշկական ծառայությունների մատուցումն ապահովելը»,- ասել է նա։
Ընդ որում նա նշել է, որ վաճառքի դրված բուժհաստատությունների գործունեության պրոֆիլի փոփոխությունն անհնար է սեփականաշնորհման մասին պայմանագրի համաձայն։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հունիսի 25-ին նիստի ժամանակ հաստատել է մի շարք պետական հաստատությունների սեփականաշնորհման մասին որոշումը, որոնց մի մասը բժշկական կենտրոններ են։ Դրանցից են Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Իզոտոպների արտադրության կենտրոնը, Մաշկաբանության ու սեռավարակների գիտաբժշկական կենտրոնը, Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության գիտական կենտրոնը եւ այլն։






