Լիտվայի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի համակարգչային բազան հաքերային հարձակման է ենթարկվել: Արդյունքում այցելուների 25 հազար լուսանկարներ (այդ թվում՝ մերկ) համացանցում են հայտնվել: Հրապարակվել են նաեւ մարդկանց անձնական տվյալները:

Հաքերների զոհ է դարձել Grozio Chirurgija կլինիկան: Չարագործները շանտաժի են ենթարկել կլինիկայի այցելուներին՝ նրանցից մինչեւ 2 հազար դոլար պահանջելով, փոխարենը խոստանալով համացանցում չհրապարակել նրանց լուսանկարներն ու անձնագրային տվյալները:

Հաքերները նաեւ կլինիկայի ղեկավարությունից 344 հազար եվրո են պահանջել՝ գողացված տվյալները վերադարձնելու համար, բայց ոչ ոք չի համաձայնել նրանց պայմաններին:

Պլաստիկ վիրաբույժների այցելուների թվում եղել են ոչ միայն Լիտվայի, այլեւ Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի եւ ԵՄ այլ երկրների բնակիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է տուժել վիրտուալ կողոպուտի հետեւանքով. ոստիկանությունը դեռ մի քանի տասնյակ դիմում է ստացել: