Թեւը, որտեղ նախկինում գտնվում էին վարչական աշխատակիցների աշխատասենյակները, այժմ վերանորոգվել եւ փոխանցվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքին։ Բաժանմունքում հայտնվել են նաեւ 20 նոր մահճակալներ՝ 6 նեոնատալ եւ 14 սովորական։ Այդ ամենն արվել է բժշկական կենտրոնի բժիշկների փողերով, որոնք անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից 5 մլն դրամի չափով գումարային պարգեւատրում ստացան՝ որոշելով այդ գումարը ծախսել վերակենդանացման բաժանմունքի բարելավման համար։ Նրանց նախաձեռնությանն աջակցեցին նաեւ մի քանի բարերարներ, որոնք ավելаցրեցին վերանորոգման համար պակասող գումարը։
Ռեանիմատոլոգ Շահանե Գեւորգյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքն ու իր գործընկերները նախապես որոշել էին, որ նախագահից գումարային պարգեւատրում ստանալու դեպքում այն կծախսեն վերակենդանացման բաժանմունքի ընդլայնման վրա։
«Մենք որոշեցինք, որ ոչ ոք չի վերցնի իրեն հասանելիք գումարը՝ մենք դրանով կվերանորոգենք հիվանդանոցը։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է աշխատավայրում։ Երբ տեսնում ես, թե ինչպես են առողջանում երեխաներն ու ինչպես են ուրախանում նրանց ծնողները, հասկանում ես, որ դա ճիշտ որոշում էր։ Այսպես այդ փողերը ավելի մեծ օգուտ կբերեն, քան եթե դրանք ծախսեինք սեփական կարիքների համար», - ասաց ռեանիմատոլոգը։
Այդ բաժանմունքում տարեկան 700-800 փոքրիկ հաճախորդների են խնամում։ Երբեմն ծանրաբեռնվածութան պատճառով նոր երեխաների ընդունել հնարավոր չի լինում՝ պարզապես նրանց չեն կարող տեղավորել։ Իսկ այժմ, ռեանիմատոլոգի համոզմամբ, աշխատելը շատ ավելի դյուրին կլինի՝ եւ մահճակալները, եւ տեղերը ավելացել են։
Սակայն, ինչպես խոստովանել են բժիշկները, բաժանմունքին չէր խանգարի ավելի շատ նորագույն սարքավորումներ ունենալ։ Օրինակ՝ այստեղ ընդամենը մեկ բարձր հաճախականությամբ արհեստական շնչառության սարք կա, որը նաեւ միակն է Հայաստանում։ Ավելի արդյունավետ աշխատանքի համար ռեանիմատոլոգները կցանկանային ունենալ եւս մեկը։ Բացի այդ, աշխարհում յուրաքանչյուր տարի ժամանակակից սարքավորումներ են մշակվում, որոնք զգալիորեն դյուրացնում են ռեանիմատոլոգիայի աշխատանքն ու բարձրացնում փոքրիկ հիվանդների ողջ մնալու հավանականությունը։ Օրինակ՝ մասնագետները շատ կցանկանային ունենալ մարմնի ընդհանուր սառեցման սարք, որը կարող է կիրառվել մի շարք դեպքերում եւ բազմաթիվ կյանքեր փրկել։






