Արմավիրի բուժկենտրոնին առընթեր պոլիկլինիկայի աշխատակիցների աշխատավարձերը ուզում են կրճատել՝ 55 000 դրամից մինչեւ 45 հազար դրամ, ինչը 10 000-ով քիչ է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել են բուժկենտրոնի աշխատակիցները։
Անանունության պայմանով բուժաշխատողները նշել են, որ աշխատավարձերի նվազեցման մասին հայտնել է բուժկենտրոնի ղեկավարությունը ժողովի ժամանակ։ Ընդ որում կրճատման պատճառը չեն բացատրել։ Այս ամսվանից, ըստ հայտարարության, բոլոր բուժաշխատողները, որոնք առայսօր ստանում էին 55 000 դրամ (նվազագույն աշխատավարձ ըստ ՀՀ օրենքի), կսկսեն ստանալ 45 000 դրամ։ Սակայն արդյոք «թղթի վրա» նրանց աշխատավարձերը նույնը կմնան, թե՞ պաշտոնապես կփոխվեն, դեռ հայտնի չէ։
Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մարզպետարանը, որի ենթակայության տակ է գտնվում բուժկենտրոնը, ոչինչ չգիտի բուժաշխատողների աշխատավարձերի կրճատման մասին։ Լարիսա Մուրադյանի խոսքով, բուժկենտրոնի աշխատակիցներից ոչ մեկը չի դիմել մարզպետական՝ աշխատավարձերի նվազման հետ կապված բողոքով։ Եթե նրանք դիմեն, մարզպետարանը պարտավոր կլինի պարզել այդ հարցը։
Լարիսա Մուրադյանը նաեւ նշել է, որ ըստ առողջապահության նախարարի հրամանի, ֆինանսական խնդիրների առկայության դեպքում բուժկենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը կարելի է կրճատել 10 տոկոսով, բայց միաժամանակ աշխատավարձը չի կարող նվազագույն աշխատավարձից քիչ լինել։
Բուժաշխատողները սակայն վախենում են աղմուկ բարձրացնել աշխատավարձերի խնդրի շուրջ, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը։
Բուժկենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մերհոռախոսազանգերին չպատասխանեց։






