Բուենոս Այրեսում ընթացող Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի հարթակներում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները էնդոսկոպիստների Պանամերիկյան ասոցիացիայի ընտրված նախագահ Ասադուր Չեքմեջյանի հետ քննարկել են լատինամերիկյան երկրներում' մասնավորապես Ուրուգվայի Հանրապետությունում իրականացվող կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագրի առանձնահատկությունները, դրանց ծախսարդյունավետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Հայաստանում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական օգուտի հաշվարկի մեթոդաբանության ներդրումը, ինչպես նաեւ հնարավոր ծրագրի իրականացման համար միջազգային դոնոր կազմակերպություններ ներգրավելու հեռանկարները։
Հունիսի 2–ին պլենար նստաշրջանը բացվել է «Պատերազմի եւ աղետների սոցիալական եւ բժշկական ազդեցությունը» զեկույցով։ Այնուհետեւ ներկայացվել է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա եւ չբերություն» զեկույցը։ Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լսարանին տեղեկացրել է Հայաստանում մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված պետական ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված հաջողությունները եւ դեռեւս լուծում պահանջող խնդիրները։
ՀՀ ԱՆ Պրոֆ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի վերջին զարգացումները` ախտորոշիչ եւ բուժական ծառայությունների ընդլայնում եւ բարձր որակի ապահովում, բուժման ելքերի բարելավում, ինչպես նաեւ կառավարման նոր մոտեցումներ։ Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել նաեւ Արյունաբանական կենտրոնի արդիականացման եւ ոսկրածուծի ու ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման ծրագիրը։
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի աշխատանքներին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության համակարգի բազմաթիվ առաջատար մասնագետներ։







