Հիվանդների կազմակերպությունները եւ Հայաստանի հիմնադրամները հունիսի 5–ին հուշագիր են ստորագրել «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խումբ» ստեղծելու մասին: Ջանքերը միավորելով՝ Հայկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ասոցիացիան, Հոգեուռուցքաբանության ասոցիացիան, «Կօգնեմ», «100 հիմնադրամ», «Առողջության կամուրջ՝ Հայաստան», «Եվրոպա Դոննա Հայաստան» հիմնադրամները եւ «Եվրոպական իրավաբանների ծառայությունը» կարող են արդյունավետ օգնություն ցուցաբերել քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց:

«Առողջության կամուրջ՝ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Անահիտ Բարսեղյանը նշեց, որ օնկոհիվանդները բախվում են մի շարք խնդիրների եւ դժվարությունների, որոնց վերեւում նշված հիմնադրամների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները տեղյակ են ոչ լսածի հիման վրա: Ինքը Անահիտ Բարսեղյանը երեխայի մայր է, որը հաղթահարել է քաղցկեղը, եւ նրա կազմակերպությունում շատ են այն մայրերը, որոնք նույնպես դրա միջով են անցել: Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, որը ղեկավարում է «Կօգնեմ» հիմնադրամը, 13 տարի առաջ բախվել է քաղցկեղին եւ այն հաղթահարել: «Եվրոպա Դոննա Հայաստանը» նույնպես հիվանդների կազմակերպություն է, որը միավորում է քաղցկեղից բուժված մարդկանց: «100 հիմնադրամն» իր հերթին օգնում է ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաներին:

Այս բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները լավ են պատկերացնում, թե Հայաստանում ինչպիսի խնդիրների են բախվում քաղցկեղով հիվանդները: Օրինակ՝ այսօրվա դրությամբ դեռեւս հրատապ է երկրում չգրանցված դեղերի խնդիրը, որոնք անհրաժեշտ են բուժման համար եւ որոնք ձեռք բերելը բավականին խնդրահարույց է: Անահիտ Բարսեղյանը նշեց, որ մեկ մարդը չի կարող այսպիսի խնդիրները լուծել, սակայն միասին նրանք կարող են ներկայացնել հիվանդների շահերը եւ կօգնեն պաշտպանել նրանց իրավունքները:

«ՖՈՆԴ 100» բարեգործական հիմնադրամի ղեկավար Տիգրան Բալայանը հույս է հայտնել, որ ստեղծվող խումբը կդառնա հարց լուծող կառույց։ Նրա խոսքով, փողից բացի ուռուցքաբանական հիվանդներին պետք է նաեւ զուտ մարդկային աջակցություն։ «Քաղցկեղի բուժման ճանապարհը բարդ է, զգացմունքային, Հայաստանում հիվանդները բախվում են նաեւ բյուրոկրատական խնդիրների։ Նման իրավիճակում մարդիկ չեն կողմնորոշվում։ Եվ շատ կարեւոր է նրանց աջակցությունը, ովքեր արդեն անցել են դրա միջով»,- ասել է նա։

Հոգեուռուցքաբանության ասոցիացիայի ղեկավար Դավիթ Գեւորգյանը հավելել է, որ այդ նախաձեռնությունը հանուն հիվանդների բարօրության՝ բժշկության ու հոգեբանության համագործակցության լավ նախադեպ է։