Ամերիկացի բժիշկներին հաջողվել է եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղը (կրծքի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակը) ճնշել հակամարմինների օգնությամբ, որոնք իմունիտետին «հարձակման են դրդում» քաղցկեղային բջիջների վրա: Այս փորձերի արդյունքների մասին նրանք հայտնել են Չիկագոյում ընթացած Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության համաժողովի ժամանակ:
«Դեղամիջոցն ազդել է ոչ թե բոլոր կանանց, այլ միայն մի քանիսի վրա, որոնց հետ մենք աշխատել ենք, սակայն այս բոլոր դեպքերում այն շատ լավ է կատարել քաղցկեղը ճնշելու խնդիրը եւ նրա ազդեցությունը երկար ժամանակ կայուն է մնացել: Իմունոթերապիան ավելի քիչ կողմնակի էֆեկտներ է առաջացնում եւ ավելի շատ է երկարացնում կյանքի տեւողությունը, քան քիմիաթերապիան, եւ կարող է կանանց օգնել բեկել կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ընթացքը»,- հայտարարել է Նյու Յորքի համալսարանից Սիլվիա Ադամսը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մոլեկուլյար կենսաբանները եւ բժիշկները քաղցկեղի, ալերգիայի, դիաբետի եւ առայժմ անբուժելի այլ հիվանդությունների դեմ պայքարում ավելի շատ հույսեր են դնում, այսպես կոչված, իմունոթերապիայի վրա: Մեթոդի էությունն անչափ պարզ է՝ գիտնականները փորձում են մարդու իմունիտետին դրդել հարձակվել քաղցկեղային բջիջների վրա՝ օգտագործելով տարբեր հակամարմիններ, կենդանի մանրէներ եւ մի շարք այլ «խայծեր»:
Ադամսը եւ նրա գործընկերները աշխատել են այս տեսակի առաջին դեղամիջոցներից մեկի՝ պեմբրոլիզումաբի ստեղծման վրա թոքերի քաղցկեղի, մելանոմայի եւ մաշկի քաղցկեղի այլ տեսակների, նաեւ լիմֆոմայի դեմ պայքարի նպատակով: Այս հակամարմինները ոչ թե ուռուցքի վրա են ներգործում, այլ իմունային բջիջների, որոնք դրանց մակերեւույթին հատուկ սպիտակուցների աշխատանքն արգելափակում են՝ սահմանափակելով դրանց ագրեսիվությունը:
Հակամարմինների մեծ արդյունավետությունը հետազոտողներին ստիպել է մտածել դրանց կիրառման հնարավորության մասին կրծքի քաղցկեղի՝ զարգացման վերջին փուլերում գտնվող ամենաագրեսիվ ձեւերի դեմ պայքարում, երբ «ըմբոստացած» բջիջները սկսում են ուռուցքը լքել եւ օրգանիզմում տարածվել:
Այս տեսությունը ստուգելու համար մասնագետները կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի երկու տարբեր ենթատեսակներով տառապող կանանց թվից 2 խումբ են կազմել եւ փորձել կասեցնել ուռուցքի աճն ու ճնշել մետաստազների զարգացումը:
Թեստերը ցույց են տվել, որ հակամարմինները կարողացել են ուռուցքի չափերը 30 տոկոսով կրճատել մեկ խմբի գրեթե 5 տոկոս կանանց մոտ եւ 23 տոկոսով մյուս խմբում, իսկ մետաստազների աճը հաջողվել է կասեցնել հիվանդների համապատասխանաբար 21 եւ 17 տոկոսի մոտ: Այս բուժման շնորհիվ բոլոր կանայք, ում վրա պեմբրոլիզումաբն ազդել է, բուժումն ավարտելուց հետո ապրել են նվազագույնը մեկ կամ ավելի տարի:
Ադամսը նշել է, որ այս դեղամիջոցի գլխավոր առավելությունն այն է, որ օրգանիզմն այն շատ լավ է ընդունում. փորձի մասնակիցների միջինը մոտ 10 տոկոսն է ստիպված եղել այն ընդունելուց հրաժարվել ուժեղ կողմնակի էֆեկտների պատճառով: Քիմիաթերապիայի դեպքում այս ցուցանիշը մի քանի անգամ բարձր է:
Ադամսի կարծիքով՝ կրծքի քաղցկեղի դեմ պայքարի համար հատուկ մշակված ուրիշ հակամարմինները կարող են ավելի տպավորիչ արդյունքներ ունենալ, ինչը նախկինում անհուսալի վիճակում գտնվող կանանց փրկության եւ ողջ մնալու նոր հույս կտա:






