Առողջապահական ոլորտում ծախսերը մոտ 180% գերազանցում են պետական բյուջեով նախատեսված գումարը: Այս մասին Հանրային խորհրդում առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Ըստ նրա, այս եւ այլ խնդիրները հաշվի առնելով՝ նախարարությունը ձեռնարկել է բարեփոխումների գործընթաց, որի շրջանակում նախատեսվում են իրականացվել մի շարք ծրագրեր: Առաջին հերթին պետք է կարգավորվեն պետպատվերի բաշխման մեխանիզմները, որպեսզի պետպատվերը լինի հասցեական, հնարավորինս շատ քաղաքացիներ անվճար կարողանան օգտվել բժշկական ծառայություններից, եւ նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Ոլորտի մյուս բարեփոխումը էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն է լինելու, որի ժամանակ հիվանդը հերթագրվելուց մինչեւ վճարում ամեն ինչ կատարելու է էլեկտրոնային եղանակով:
Մյուս կարեւոր բարեփոխումը, ըստ Լեւոն Ալթունյանի, օպտիմալացումն է: Հայաստանում առկա է բուժծառայություն մատուցող 488 հաստատություն, որից 190-ը՝ ստացիոնար, մնացածը՝ ամբուլատոր: Ներկայացնելով միջազգային վիճակագրական տվյալներ՝ նախարարը նշել է, որ բուժհաստատությունների թիվը մեր երկրում շատ ավելին է, քան դրա պահանջարկն է, որի հետեւանքով տեղի է ունենում ռեսուրսների անիմաստ վատնում:
Հանրային խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ՀՀ կառավարության մասնավորեցման ծրագրում ներառված մի շարք բուժհաստատությունների վերաբերյալ՝ նշելով, այդ քայլով պետությունը մասնավորին է հանձնում այնպիսի ոլորտներ, որոնք առնչվում են հանրային առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը, եւ որտեղ կարեւոր է պետության կարգավորիչ դերը:
Նախարարը հավաստիացրել է, որ բուժհաստատությունների մասնավորեցման դեպքում պետությունը չի նվազեցնելու իր հսկողությունն ու պատասխանատվությունը, իսկ կարգավորիչ դերը ավելացնելու է: Այնուամենայնիվ, Լեւոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնել այդ բուժհաստատություններից յուրաքանչյուրի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների, շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել առանձին քննարկումներ:
Հանդիպման ընթացքում բարձարցվել են բժիշկների մասնագիտական ներուժի եւ բժշկական տեխնիկայի ձեռքբերման ու արդյունավետ օգտագործման խնդիրները: Նախարարը նշել է, որ մի կողմից կա նեղ մասնագետների կարիք, մյուս կողմից՝ ավելորդ քանակ: Նա հայտնել է, որ օպտիմալացման հետեւանքով անգործ մնացած բժիշկների համար անվճար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, եւ վերջիններիս կառաջարկվի զբաղեցնել համակարգի այն ոլորտները, որտեղ մասնագիտական դեֆիցիտ կա:






