Պարտադիր բուժապահովագրությունը կարող է Հայաստանում ներդրվել 2020-ին։ Այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով, օգօստոս–սեպտետմեբեր ամիսներին 100 000 պետծառայողների՝ սոցիալական փաթեթի շահառուների բուժումն արդեն կփոխանցվի ապահովագրական ընկերություններին։

Պարզաբանելով, թե ինչու էին սոցփաթեթի գումարները սկզբում փոխանցում ապահովագրական ընկերւթյուններին, հետո՝ Առողջապահության պետական գործակալությանը, իսկ հիմա նորից վերադարձնում են ապահովագրական ընկերություներին, նախարարը նշեց, որ այդ պահին հսկողության ու կարգավորման մեխանիզմները կատարյալ չէին ու ապահովագրական ընկերությունները պոլիսների բաշխման հարցում խնդիրներ ունեին։ Կարգավորված չէին հարաբերությունները գործակալների ցանցի հետ ու դա հանգեցրել էր որոշ չարաշահումների։ «Միաժամանակ ես պետք է նշեմ, որ գումարը բավարարում էր՝ թե ապահովագրական ընկերությունների եկամուտների ապահովման, թե բոլոր դիմող հաճախորդների սպասարկման համար»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով, երբ սոցփաթեթը միացրել են պետպատվերի հետ, այդ գումարները սկսել են փոշիանալ տարբեր ծրագրերով ու ստեղծվել է պատկեր, երբ օգոստոս- սեպտեմբեր ամիսներին փողը վերջանում էր ու սոցփաթեթի շրջանակում սպասարկում չէր իրականացվում։ «Այս հարցի լուծման համար մենք որոշել ենք մի կողմից կանոնակարգել ֆինանսական ոլորտը ու ԿԲ-ի հետ մշակել ենք նոր մեխանիզմներ, մյուս կողմից էլ ավելացնել ծառայությունների թիվը, որպեսզի ապահովագրական ընկերություններին զերծ պահենք բարձր տոկոսներ ստանալու գայթակղությունից։ Դրանով իսկ մենք վերականգնում ենք բարձր մակարդակի ծառայությունները, նաեւ ծառայությունների հասանելիությունն ամբողջ տարվա ընթացքում ամբողջ կոնտինգենտի համար»,- հավելել է Լեւոն Ալթունյանը։

Հետագայում, նրա խոսքով, 2018-ի հունվարից սոցիալապես անապահով ու հաշմանդամություն ունեցող 640 000 քաղաքացիների պետպատվերով սպասարկումը նույնպես կազմակերպվելու է ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նրանց ապահովագրությանն ուղղվելու է մոտ 19 մլրդ դրամ՝ պետպատվերի համար ԱՆ-ի տրամադրած 85 մլրդ դրամից։

2018-ի ընթացքում երկու նախագծերի աշխատանքը կգնահատվի, որից հետո դրանց հիման վրա 2018-2019 թթ․ կմշակվի պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը։ Ակնկալվում է, որ պարտադիր ապահովագրությունը կարող է ներդրվել արդեն 2020-ին։

Նախարարի խոսքով, Հայաստանում այսօր մոտ 750 000 աշխատող քաղաքացի կա, որոնցից 250 000-ը ստանում է միջինից բարձր աշխատավարձ։ Այս քաղաքացիներին առաջարկելու են վճարել ոչ միայն իրենց ապահովագրությունը, այլեւ ընտանիքի անդամների ապահովագրությունը։ Ընտանիքում միջինը 3․1 մարդ կա, դրա համար էլ կստացվի, որ մոտ 750-760 000 մարդ այդ ձեւով կապահովվի պարտադիր ապահովագրությամբ։ Մնացած 500 000 աշխատողները ստանում են միջինից ցածր աշխատավարձ, նրանք միայն իրենց ապահովագրությունը պետք է վճարեն։

Եվ այսպես, նախարարի հաշվարկներով, երկրում 1 մլն 250 000 մարդ ապահովված է լինելու պարտադիր բուժապահովագրությամբ։ Մնացած մարդկանց բուժման վճարը կստանձնի պետությունը։

Նախարարի խոսքով, քաղաքացիների պարտադիր բուժապահովագրության համար պետք կլինի վճարել մոտ 5000-6000 դրամ՝ մեկ մարդու համար։ Այդ գումարն, ամենայն հավանականությամբ, կփակի միայն հիմնական բժշկական ծառայությունները։ Ցանկության դեպքում քաղաքացիները կկարողանան վերցնել լրացուցիչ ապահովագրություն, որը կփակի լրացուցիչ բժշկական ծառայությունների՝ օրինական ատամնաբուժական ծառայությունների ծախսերը։

Պատասխանելով այն մեղադրանքին, որ լինելով «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության համահիմնադիրը, նախարարն ուզում է դրանով իսկ արագ հարստացնել ապահովագրական ընկերություններին, Ալէունյանը նկատեց, որ ըստ համաշխարհային փորձի՝ պարտադիր բուժապահովագրության ծառայությունները շահութաբեր չեն լինում, նրանց շահույթը տատանվում է 2-5 տոկոսի սահմանում։ «Սա այն գինն է, որը հասարակությունը պետք է պատրաստ լինի վճարել բարձրորակ սպասարկման ու յուրաքանչյուր դեպքի փորձաքննության համար»,- ասել է նա, հավելելով, որ ապահովագրական ընկերություններին հարստացնելու մասին նույն մեղադրանքներն էին հնչում նաեւ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ, բայց «այսօր մեր հասարակությունն իր կյանքը չի պատկերացնում առանց ԱՊՊԱ-ի։