Ես ուսանողական պոլիկլինիկայի լուծարման հարցը չէի կապակցի «Վարդանանց» ԲԿ-ի հետ, սակայն եթե ուսանողներից որեւէ մեկը նախընտրի գրանցվել «Վարդանանց» ԲԿ-ում, ես խոչընդոտներ չեմ ստեղծի։ Այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն մեղադրանքներին, որ ուսանողական պոլիկլինիկան լուծարում են, որպեսզի բոլոր ուսանողներին ուղարկեն նախարարին պատկանող «Վարդանանց» կլինիկա։

Նախարարը պարզաբանել է, որ ուսանողական պոլիկլինիկան առաջարկել են լուծարել, քանի որ այստեղ կա կրկնակի ծախսերի խնդիր։ Ուսանողները հաշվարռվում են ուսանողական պոլիկլինիկայում ՝ առանց բնակության վայրի պոլիկլինիկայի հաշվառումից դուրս գալու։

«Մենք առաջարկում ենք մայրաքաղաքի ուսանողներին վերադարձնել ըստ բնակության վայրի պոլիկլինիկաներ, ու այստեղ գումարները չեն ավելանում, քանի որ տարածքային պոլիկլինիկաները նրանց համար գումար ստանում են։ Իսկ մարզերի ուսանողներին առաջարկելու են ընտրել ցանկացած պոլիկլինիկա՝ ըստ մայրաքաղաքում ժամանակավոր բնակության վայրի կամ ուսման վայրի ։ Եթե ուսանողներից որեւէ մեկը նախընտրի «Վարդանանց»ԲԿ-ն, ես խոչընդոտներ չեմ ստեղծի։ Բայց միաժամանակ պետք է ասեմ, որ «Վարդանանց»-ը այսօր արդեն իսկ սպասարկում է 32 000 մարդու, իսկ հնարավորությունների առավելագույնը 35 000 է, որից հետո ծառայությունների որակը կնկնի»,- ասել է նա։

Նախարարի խոսքով, օպտիմալացման հիմնական նպատակն է տնտեսել ծախսերը, «ինչն էլ տվյալ դեպքում մենք ունենք»։ Տնտեսված գումարներով, իսկ դա կլինի տարեկան մոտ 100 մլն դրամ, կբարելավվի դիալիզի ծառայությունը։

Նշենք, որ ուսանողական պոլիկլինիկան սպասարկում է մոտ 60 հազար հայ ու օտարերկրացի ուսանողների, նաեւ 50 հազար մարզիկների։