Չափազանց հազվագյուտ գենետիկ հիվանդության հետեւանքով 4-ամյա անգլիացի Սոնի Լիթլը չէր կարողանում ժպտալ:  Կաթն օգնել է մեղմել նրա հիվանդության ախտանիշները, եւ տղան վերջապես սկսել է ժպտալ:

Սոնին աշխարհում այն 25 երեխաներից մեկն է, որ տառապում է 2Q24.3 կոչվող խանգարմամբ: Երեխայի մոտ բացակայում է 46-րդ քրոմոսոմի շատ փոքր մասը, որը նորմալ զարգացման համար չափազանց կարեւոր է: Հիվանդության առաջին ախտանիշները երեւան են եկել 3 ամսականում` երեխայի մոտ նոպաներ են սկսվել, որոնք ժամանակի ընթացքում ավելի ծանր ու հաճախակի են դարձել: Ինչ-որ պահի նա օրական 30 նոպա է ունեցել: 2014 թվականին 14 րոպե տեւողությամբ նոպաներից մեկի ժամանակ տղան զրկվել է ինքնուրույն տեղաշարժվելու, ուտելու, ծիծաղելու եւ անգամ ժպտալու ունակությունից:

Սոնիի բուժմամբ զբաղվել են Բրիսթոլի Մանկական հոսպիտալի դիետոլոգները, որոնք բուժումը սկսել են հատուկ կետոգենային դիետայից, որը շատ ճարպեր եւ անչափ քիչ ածխաջրեր է պարունակում. տղային ամեն օր հատուկ կաթ են տվել` յուրաքանչյուր 4 ժամը մեկ 200 մլ: Ըստ որում` երեխայի սննդակարգում ոչինչ ավելին չի եղել:

Առայժմ անհայտ պատճառով նման սննդակարգն օգնում է երեխաների մոտ կրճատել ամենատարբեր նոպաների հաճախականությունը: Սոնիի դեպքում նույնպես այն արդյունավետ է եղել. այս դիետայի շնորհիվ տղայի ջղաձգային բոլոր նոպաները գրեթե ամբողջությամբ վերացել են, եւ հիմա նա կրկին սովորել է ժպտալ: Ծնողներն այս երջանիկ պահին 2 տարի են սպասել:

Սոնիի հայրիկը եւ մայրիկը նշել են, որ կետոգենային դիետայի հետեւանքով իրենց երեխայի հետ տեղի ունեցած փոփոխությունները զարմանալի են եւ ուղղակի հրաշալի: Իսկ բժիշկները նշել են, որ տղան մոռացել էր ինչպես ժպտալ, քանի որ նրա ուղեղում կենսաբանական ազդանշանային ուղիները խանգարվել էին չափազանց հաճախակի ջղաձգային նոպաների պատճառով: Համանման խանգարումներով փոքրիկ հիվանդների մոտ նոպաների հետեւանքով երբեմն նկատվում է արդեն յուրացրած հմտությունների կորուստ: Բժիշկները կարծում են, որ սա էլեկտրական անոմալ լիցքերի հետեւանք է, որոնք ուղեկցում են նոպաներին եւ խափանում ուղեղի գործառնությունը` ներառյալ հիշողության կուտակման գործընթացը: