ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցմամբ պետությունը չի հրաժարվում իր մոտեցումներից։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեոն Ալթունյանը կենտրոն այցի ժամանակ։

 «Դա մասնավոր ներդրումներ ներգրավելով վիճակը բարելավելու հնարավորություն է»,-ասել է նախարարը` հավաստիացնելով, որ մասնավորեցումով կենտրոնի ուղղվածությունը չի փոխվելու։

Լեւոն Ալթունյանը նշել է, որ պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար օնկոլոգիական յուրաքանչյուր հիվանդի հաշվով պետության կողմից հատկացվող գումարը պետք է ավելացվի։ Պետական բյուջեի միջոցներն այսօր այդ հնարավորությունը չեն ընձեռում, այդ իսկ պատճառով նախարարությունը գումարներ տնտեսելու գործողություններ է կատարում դրանք հեմոդիալիզի եւ ուռուցքաբանության ծառայություններին ուղղելու համար։

«Կարծում եմ, որ խիստ կարգավորելով կենտրոնի ուղղվածությունը, մասնավոր ներդրումներով հնարավոր կլինի զարգացնել ուռուցքաբանության բոլոր ուղղությունները»,-ասել է նախարարը` նշելով, որ հարմարավետ պայմաններում ուռուցքաբանական բարձրակարգ ծառայությունների ապահովումը կարող է խթանել բժշկական տուրիզմի զարգացմանը։

Այցի ժամանակ նախարարին ներկայացվել են նոր ձեռք բերված թվային ուլտրաձայնային համակարգը, նաեւ հեռահար ճառագայթման, մամոգրաֆիական եւ նորագույն մի շարք այլ սարքավորումներ։ Լեւոն Ալթունյանը ծանոթացել է իրականացված եւ շարունակվող վերանորոգումներին, եղել նոր սարքավորումներով հագեցած վիրահատարաններում, բաժանմունքներում եւ ընդունարանում։

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ 2016թ. այստեղ բուժում է ստացել 11.451 հիվանդ։ Ձեռք բերված ժամանակակից սարքավորումների եւ առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումների շնորհիվ զգալի բարձրացել է բուժման արդյունավետությունը։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճ։ Անցած տարի մեր երկրում արձանագրվել է շուրջ 8500 նոր դեպք։ Տարածվածությամբ առաջին տեղում մնում է թոքի քաղցկեղը։ Մեզանում դեռեւս մտահոգիչ խնդիր է ուշ դիմելիությունը։ 40-45% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, երբ բուժման բարձր արդյունավետություն ակնկալելը դժվար է։

Հանգամանալից ներկայացվել են կենտրոնում իրականացվող բուժական եւ ախտորոշիչ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ֆինանսական միջոցների տնօրինման մեխանիզմները, որոնց շնորհիվ բարձրացել է բժիշկների աշխատավարձը։

Ուռուցքաբանները բարձրացրել են տարբեր կլինիկաներում քաղցկեղով հիվանդներին վիրահատելու խնդիրը` հիմնավորելով, որ չարորակ նորագոյացությունները հնարավոր է արդյունավետ բուժել համալիր մոտեցման դեպքում` համակցելով վիրահատական, ճառագայթային, քիմիաթերապեւտիկ եւ ախտորոշիչ ու բուժական այլ մեթոդներ։ Նախարարն առաջարկել է այդ առթիվ առավել հանգամանալից քննարկում կազմակերպել։

Հանդիպման ընթացքում ուռուցքաբանները ողջունել են ծխախոտի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու նախարարության նախաձեռնությունը եւ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։