Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի ղեկավարությունը եւ կոլեկտիվը դեմ չէ այս կենտրոնի սեփականաշնորհմանը, սակայն դեմ է բաց աճուրդին, որի ընթացքում կոլեկտիվն իր կլինիկան հետգնելու հնարավորություն չի ունենա: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նրա խոսքով՝ կլինիկայի կոլեկտիվին պետք է հնարավորություն տան կլինիկան հետգնել կադաստրային արժեքով. մինչ օրս այսպես են վարվում աշխարհի շատ զարգացած երկրներում: Կենտրոնի կադաստրային արժեքն, իհարկե, բավականին բարձր է, սակայն միանալով, հնարավոր է, կոլեկտիվը կարողանա միջոցներ գտնել եւ այն հետգնել:
Իսկ եթե սեփականաշնորհումը աճուրդի կարգով կատարվի, կենտրոնի գինը կարող է բարձրանալ մինչեւ եթերային գների, եւ կոլեկտիվն աճուրդում հաղթելու հնարավորություն ուղղակի չի ունենա: Հայտնի չէ, թե այդ դեպքում կլինիկան ով կգնի եւ դրանից հետո նրան ինչ ապագա կսպասի:
«Աճուրդում գինը որքա՞ն կբարձրանա: Մի՞թե բժիշկը կարող է այդ գինը վճարել: Բժիշկներին նման փողեր որտեղի՞ց: Եթե մեր կենտրոնը հնարավոր լինի հետգնել կադաստրային արժեքով, մենք կոլեկտիվի հետ կփորձենք դա անել, եթե նույնիսկ ստիպված լինենք պարտքերի մեջ խրվել: Ես, սակայն, աճուրդին կտրականապես դեմ եմ, քանի որ մենք դրան մասնակցել չենք կարողանա»,- նշեց կենտրոնի տնօրենը:
Նա հիշեցրեց, որ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը երկրի համար ռազմավարական եւ սոցիալական նշանակություն ունի, ավելին՝ Հայաստանում այն նման ուղղվածության միակ կենտրոնն է: Տնօրենը հիշեցրեց, որ առավել հաճախ այրվածքներ են ստանում երեխաները, աշխատավորները, բնակչության սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները: Կենտրոնն օգնություն է ցուցաբերում նաեւ ճառագայթման հետեւանքով տուժածներին:
Տնօրենի խոսքով՝ այսօր հիվանդներից շատերն են անհանգստացած ստեղծված իրավիճակի պատճառով եւ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի հետո եւ ինչպես կկազմակերպվի իրենց հետագա բուժումը, եթե կլինիկան իսկապես սեփականաշնորհեն: Կենտրոնի կոլեկտիվն, իր հերթին, հույս ունի, որ իր ձայնը լսելի կլինի, եւ կենտրոնը ընդունելի գնով հետգնելու հնարավորություն կստանա:






